Քաղաքագետ. Ալիևը շտապում է, իսկ Հայաստանի գործող կառավարությունը հերթական անգամ պատրաստ կլինի դավաճանության
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար. երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով, եթե Հայաստանը նախընտրում է պահպանել Մինսկի խումբը, դա նշանակում է, տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են։
Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Ալիևի հնչեցրած հայտարարություն-պահանջներին՝ հենց առաջին տողում նշելով. «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից»։
Առավել առարկայական նախարարությունն արձագանքել էր Ալիևի՝ Հայաստանի մայր օրենքը փոխելու պահանջին։
Panorama.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Հայաստանն Ադրբեջանի հետ միասնական հայց ներկայացնի տարիներ շարունակ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նպատակով, եթե այո, ի՞նչ հնարավոր հետևանքների դա կարող է հանգեցնել։
Ստեփան Դանիելյան-Չեմ բացառում, որ Հայաստանի գործող վարչախումբը կարող է դիմել, որ Մինսկի խումբը լուծարվի։ Ի՞նչ է նշանակում Մինսկի խումբ։ Հայաստանը տարածքային պահանջ ունի, թե չունի Ադրբեջանի նկատմամբ, դա ոչ մի կապ չունի Մինսկի խմբի հետ։ Այն զբաղվում է Արցախի հարցով, մինչև այս իշխանության գալը, խնդրի լուծման հիմքում դրված էր ինքնորոշման իրավունքը։ Այսինքն, անկախ այն բանից, թե Հայաստանը ճանաչում է, թե չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդտեղ ապրող ժողովրդի իրավունքների ու ինքնորոշման հարցը քննարկման առարկա է։ Երբ Ադրբեջանի նախագահը ցանկանում է դիմել Մինսկի խումբը լուծարելու համար, նա շատ լավ հասկանում է, որ Արցախի հարցը փակված չէ, օդում կախված է, ցանկացած աշխարհքաղաքական կողմ, եթե ուզի ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, դա օգտագործելու է, կարող է լինել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան։ Մինսկի խումբը նրան իրավունք է տալիս Հարավային Կովկասում ներկա լինել ու վիճարկել իրենց ազդեցությունը։ Աշխարհքաղաքական ցանկացած փոփոխության դեպքում այդ հարցը կարող են կրկին բարձրացնել, այդ հարցը օդի մեջ է, հիշենք, Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը, որը խորհրդատվական բնույթ ունի, բայց ցանկացած պահի Ֆրանսիայի նախագահը կարող է այն դարձնել ռեալ որոշում։ Նույնը ԱՄՆ-ն, Ռուսաստանը, որը հյուպատոսություն է ուզում բացել Ստեփանակերտում, ինչը ցույց է տալիս, որ նրանք այդ հարցը համարում են դեռ չփակված։ Սա անհանգստացնում է Ադրբեջանի ղեկավարին, իրեն պետք է Հայաստանի հետ դիմեն Մինսկի խումբը լուծարելու համար։ Ըստ էության, դա դավաճանություն կլինի Հայաստանի ղեկավարության կողմից, բայց դա չի լինի առաջին դավաճանությունը։ Իրենք դա կարող են անել։ Այն, որ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել են միայն Սահմանդրության վերաբերյալ հարցին, կարծում եմ, կգնան այդ քայլին, որը Հայաստանի իշխանությունների համար կունենա հետևանքներ՝ իր պարտնյորների կողմից, որոնք ցանկանում են, որ այդ խումբը գոյություն ունենա։
Panorama.am-Պարոն Դանիելյան, անկախ այն բանից, որ հիմա Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լավ են, Մինսկի խումբը գործիք է համանախագահող երկրներից յուրաքանչյուրի ձեռքին։ Ի՞նչ արձագանք կլինի համանախագող երկրների կողմից, եթե Հայաստանը որոշի միանալ Ադրբեջանին։
Ստեփան Դանիելյան--Կարծում եմ, արձագանքը վատ կլինի։ Բայց եկեք վերադառնանք Ձեր հարցի առաջին մասին՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ։
Շատ դեպքերում այդ երկու երկրների հարաբերությունները պայմանավորված են Ռուսաստան-Իրան և Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններով։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում խնդիրներ են առաջացել, Արևմուտքը Թուրքիայում ներդրումների խոստումներ է տալիս ու պահանջում, որ Ռուսաստանի հետ բանկային գործարքները, հետո տեսնում են, որ ՌԴ նախագահը հայտարարում է՝ եթե դադարեցվեն գործարքները, վնասները Թուրքիայի համար կլինեն ավելի մեծ։ Սպասվում է, որ Թուրքիան կարող է փոխել իր քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ։ Եթե Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն առաջանա, իսկ դա անկասկած առաջանալու է, բնականաբար դա կանդրադառնա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, Ադրբեջանն արդեն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է գնում։ Իսկ Ադրբեջանի ժողովրդի մոտ Թուրքիայի վերաբերյալ արդեն այնպիսի քարոզչություն է գնացել, մեկ ազգ երկու պետություն, միասնական բանակ և այլն, այդ ժամանակ Ադրբեջանը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Եթե Ադրբեջանը շարունակի այս քաղաքականությունը, իսկ նա շարունակելու է, կլարվեն հարաբերությունները նաև Իրանի հետ, այդ ժամանակ Արցախի հարցը կարող է արդեն շատ լուրջ հնչեղություն ստանալ և առիթ հանդիսանալ անգամ դեպի Ադրբեջան ռազմական ներխուժման։ Այդ պատճառով Ալիևը շտապում է, և գործող կառավարությունը հերթական անգամ դավաճանության պատրաստ կլինի։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Եթե ներքին հարց է, ինչո՞ւ էր հայտնի մեկն ասում, եթե Սահմանդրություն չփոխենք, ցլերը մեզ կգզեն
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
- Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար
- Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
- Չի՛ կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը․ Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան