Ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք»
Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Հոսպիտալացվել է 7 քաղաքացի։
«Հետքը» պարզել է, թե որ գազալցակայանում է եղել պայթյունը, ով է ընկերության սեփականատերը, ինչպես նաև ընկերության՝ նախկինում թույլ տված խախտումները։
«Չնայած պաշտոնապես հայտարարվել է, թե պայթյունը եղել է Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում, մենք պարզել ենք, որ իրականում պայթել է Երևան-Սևան մայրուղու (Մ-4) Արզնու տրանսպորտային հանգույցից 650 մ հեռավորության վրա գտնվող գազա-բենզալցակայանը, որտեղ վաճառվում է բենզին և հեղուկ գազ (լցակայանի անմիջական հարևանությամբ է գտնվում «Հանդիպում» հացատունը):
Այս գազա-բենզալցակայանը գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում: Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ ՍՊԸ-ն գրանցված է Այվազյանի տանը, սակայն լցակայանն Արզնիի տարածքում է:
Արգելանքներ, սնանկության գործ
Ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության՝ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։ Ըստ այդմ՝ վերջին արգելանքը դրվել է ժամեր առաջ՝ հունիսի 6-ին: Արգելանքները գլխավորապես առնչվում են պետբյուջեի օգտին գումար բռնագանձելու պահանջներին:
Ավելին՝ Սնանկության դատարանը (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան) օրեր առաջ՝ մայիսի 24-ին, վարույթ է ընդունել ՊԵԿ-ի դիմումը «Գազ օիլ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Ստացվում է՝ ընկերությունը հնարավոր է առաջիկայում սնանկ հայտարարվի։
Ընկերության տնօրենը 2021-2022 թթ. եղել է հենց Ռաֆայել Այվազյանը, իսկ 2022-ին նրան փոխարինել է երևանցի Էրիկ Հայրապետյանը։ Վերջինս սեփականատեր է «Յուգ-Գազ Գրուպ» և «Ասօիլ» ՍՊԸ-ներում, որոնք երկուսն էլ սնանկ են ճանաչվել 2019-ին։ Երկու դեպքում էլ դիմումատուն եղել է ՊԵԿ-ը:
Փետրվարին լցակայանի գործունեությունը դադարեցվել է, քանի որ չի ունեցել փորձաքննության դրական եզրակացություն
Գոյության 2,5 տարիների ընթացքում «Գազ օիլ» ՍՊԸ-ն հասցրել է իր վրա սևեռել պետական մարմինների ուշադրությունը:
2023-ի տարեսկզբին ՊԵԿ-ը հրապարակել էր այն ընկերությունների ցանկը, որոնք ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2022 թ. տուգանվել են ավելի քան 1 մլն դրամով: Դրանց թվում եղել է «Գազ օիլ» ընկերությունը, որը մեկ տարվա ընթացքում 2 անգամ տուգանվել է նույն չափով՝ 2 մլն 44 հազար դրամով։
Այս տարվա փետրվարի 14-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարել էր, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ հեղուկ գազի մանրածախ առևտրով զբաղվող «Գազ օիլ» ընկերությունը գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, այն է՝ թերլիցքավորում է անում։ Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:
Փետրվարի 19-ին էլ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանում:
Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության:
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ արտադրական վտանգավոր օբյեկտները, ինչպիսիք են գազալցակայաններն ու բենզալցակայանները, ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության: Նման փորձաքննություն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչև դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչև գործարկումը կամ վերագործարկումը) և շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ռեեստրում դրանց գրանցվելուց հետո):
Այսինքն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը:
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, որոշել է դադարեցնել այս լցակայանի գործունեությունը: Լցակայանը, համաձայն տեսչական մարմնի հաղորդագրության և տարածած լուսանկարների, կապարակնքվել էր:
Ո՞վ է Ռաֆայել Այվազյանը
«Հետքը» պարզել է, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեություն է ծավալում: Նա ԲՀԿ-ական է: 2008-2009 թթ. եղել է Երևանի ավագանու անդամ, 2011-2012 թթ. եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական, 2012-2013 թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում, 2014-ին էլ դարձել է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախագահ:
Այվազյանը 2018 թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր (մանրամասները՝ այստեղ): Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան