Արտառոց դեպք Տավուշի մարզում. Կինը մերժել է սեռական հարաբերություն ունենալու առաջարկը, ինչից հետո տղամարդը հարվածել է նրան
Մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում վայր ընկնելու հետևանքով «աջ ստորին շրթունքի պատռված վերք, տոտալ այտուց, ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա մի կին:
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Ն․ Ղ․-ն, ում հրավերով մայիսի 29-ին ժամը 14։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Նվեր Ա․-ն գնացել է վերջինիս տուն միասին ճաշելու և իրենց հետագա հարաբերությունները պարզաբանելու նպատակով, ապա գինի խմելուց հետո Նվեր Ա․-ն սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել Ն․ Ղ․-ին, որից մերժում ստանալուց հետո մեկ անգամ ձեռքով հարվածել է Ն․ Ղ․-ի դեմքին, որից հետո ինքը ուշագնաց է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։