Այս մարդկանց համար ինձ «պատժելը» ավելի կարևոր է, քան միջազգային ծրագրերը. «Էրեբունի» թանգարանի նախկին տնօրեն
Պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանը 5 տարի ղեկավարել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ Պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով մայիսի 13-ից դադարել է լինել թանգարանի տնօրեն։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը: Այսինքն, Միքայել Բադալյանը չի էլ նշանակվել պաշտոնակատար մինչև նոր տնօրենի ընտրությունները, թեև դրա հնարավորությունը քաղաքապետարանն ունեցել է։
Panorama.am-ը զրուցել է Միքայել Բադալյանի հետ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին մասնակցելու, ժամանակավոր պաշտոնակատար չնշանակելու և այլ հարցերի մասին։
Միքայել Բադալյան- Չեմ կարծում, որ կմասնակցեմ մրցույթին, քանի որ շատ դժվար է մասնակցել քաղաքապետարանի մի հաստատության մրցույթի, որտեղ 5 տարի անմնացորդ աշխատում ես, թանգարանը ձեռք է բերում այնպիսի հաջողություններ, որ երբևէ ձեռք չէր բերել, Լուվրի, Էրմիտաժի, Բրիտանական թանգարանի հետ է աշխատում, ֆինանսական մուտքերը բավական մեծ թափով աճում են, կրթական ծրագրերով Հայաստանում առաջատարներից մեկն է, գաղափարախոսությունն է փոխվում, բայց քեզ նույնիսկ շնորհակալություն չեն հայտնում դրա համար։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղ կա որոշակի քաղաքական դրդապատճառներ՝ կապված «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը մասնագիտորեն քննադատելու ու այլ հանգամանքների հետ։
Եթե ես մասնակցեմ էլ մրցույթին, չեմ վստահում, որ կլինի անաչառ հանձնաժողով, ինչքան էլ ինձ փորձեն համոզել։ Չեմ հավատում այդ մարդկանց։ Եթե այդ մարդիկ նույնիսկ շնորհակալություն հայտնելու շնորհք, ունակություն չունեն, էլ ուր մնաց անաչառ կերպով տնօրեն ընտրեն։
Եթե լավ չէի աշխատում, կարող էի գոնե մեկ անգամ նկատողություն ստանալ։ Եթե առաջ քեզ միշտ ասում էին՝ ամեն ինչ լավ է, որևէ նկատողություն չէին անում, իսկ այս դեպքում նույնիսկ իրենք չեն զանգել ու ասել, որ դու այլևս տնօրեն չես։ Կադրերի վարչությունից զանգել են, ասել՝ մեզ ասել են ձեր տեղակալի վրա դնել պարտականությունները։
Եթե համակարգում ես Լուվրի, Էրմիտաժի, հայ-իտալական, հայ- ամերիկյան ծրագրերը, հայ-ավստրիական արշավախումբը, այլ կարևոր գործընթացներ, գոնե, տրամաբանությունը հուշում է, որ որոշակի ժամանակով կարող էին թողնել, շարունակել ծրագրերն ու ավարտել։
Եթե դա չեն անում... տրամաբանական չէ՞, որ դա դիտմամբ է արվել։
Panorama.am- Այսինքն, դուք կարո՞ղ էիք մնալ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչև ընտրությունը։
Միքայել Բադալյան-Կարող էի, բայց չեն նշանակել։ Դա ձեզ պետք է ինչ-որ բանի մասին ասի։ Նրանք այդպես ցույց են տալիս, որ ցանկություն չունեն աշխատելու ինձ հետ։
Պատկերացրեք՝ գնամ ու հաղթեմ մրցույթը։ Էլի սկսելու են մեզ համար խոչընդոտներ ստեղծել։ Հանրային ռադիոյի տնօրենի դեպքը օրինակ, իր գործի գերպրոֆեսիոնալ էր, ինչ եղավ։ Այսինքն եթե դու ճշմարտությունն ասում ես, արդեն դառնում ես անցանկալի անձ։
Panorama.am-Մտավախություն չունե՞ք, որ չլինելով թանգարանի տնօրեն, Էրմիտաժի, Լուվրի հետ կապված ծրագրերը չիրականան։ Չէ՞ որ նրանք ձեզ հետ էին սկսել աշխատել, համագործակվել, ձեզ էին վստահում։
Միքայել Բադալյան- Իհարկե, ունեմ մտավախություն։ Նույնիսկ այդ հաստատություններից զանգեր եմ ստացել, իրենց մտավախություններն են հայտնել։ Հույս ունեմ այդ ամենը ջուրը չի ընկնի, մարդիկ շատ ամբիցիաներ, շատ հանգամանքներ վեր կդասեն, քանի որ դա մեր պետության, մշակութային ժառանգության հետ է կապված։ Եթե մարդկանց թվում է՝ հեշտ է եղել Էրմիտաժում ստեղծել «Էրեբունու անկյուն», չարաչար սխալվում են։ Էրեբունու նոր ցուցադրության ծրագիրն է ընթանում, անվճար ես էի համակարգում, ինչպես անվճար համակարգել եմ Բրիտանական թանգարանի, Պուշկինի թանգարանի ցուցահանդեսները։
Հասկանում եք՝ այդ մարդիկ պետք է մտածեն, իրենց համար, ըստ երևույթին, ամբիցիաները, ինձ «պատժելը» ավելի կարևոր է, քան այդ ծրագրերը։
Եթե այս աստիճան է, ինչ ասեմ... Էլ ասելու բան չունեմ։
Ունեմ լավ, հետաքրքիր առաջարկներ, նաև արտերկրից։ Կմտածեմ։ Համենայնդեպս, շարունակելու եմ զբաղվել այն գործով, ինչով զբաղվել եմ՝ Ուրարտուի հանրահռչակմամբ, մեր ժառանգության պահպանությամբ։
Հիմա Էրեբունիում պեղումներ են, ղեկավարում եմ հայ-ֆրանսական արշավախումբը։ Իմ ֆրանսիացի գործընկերներ են խնդրել ղեկավարել, որպեսզի չձախողի արշավախումբը, մեծ վաստակ ունենք պեղումների առումով։
Panorama.am-Շնորհակալության հարցերին պատասխանելու համար։
Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը
Հարակից հրապարակումներ`
- Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
- Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
- Էրմիտաժում բացվել է «Էրեբունու անկյուն»
- Լուվրի աջակցությամբ արդիականացված Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությունը կբացվի այս տարվա ընթացքում. Բադալյան
- Միքայել Բադալյան. Իմ համբերությունը ևս ունի սահմաններ
- Ինչո՞ւ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում. Միքայել Բադալյան
- 2024-ի փետրվարին Էրմիտաժում կբացվի Էրեբունի թանգարանի անկյունը
- Միքայել Բադալյան. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» գրքում սխալներն ու վրիպակները համատարած են
- Ուրարտագետը դիմել է 7-դ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակին
- Լուվրի թանգարանի աջակցությամբ իրականացվում է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության փոփոխության ծրագիրը
- Էրմիտաժի հետ համագործակցության պայմանագիրը մեծ հաջողություն է «Էրեբունու» համար. Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան