«Ոսկե սերմեր»՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոս եզդիների հիշատակին
Ամփոփվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի հերթական՝ 4-րդ մրցույթը։
Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, խորապես գնահատելով հայ ժողովրդի դարավոր բարեկամ, նվիրյալ եզդի ժողովրդի քաջարի զավակների ներդրումը ազգային-ազատագրական պայքարի պատմական ողջ ընթացքին, որոշել են կրթամրցանակը նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս եզդիների հիշատակին։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ ԱՄՆ-ից ժամանած բարերար, դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյանի տրամադրած կրթամրցանակային ֆոնդը՝ 300,000 դրամ, որոշվել է բաժանել բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Մանե Մամյանի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Աշոտ Բադալյանի միջև, յուրաքանչյուրին՝ 150,000 դրամ։
ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ․
«․․․Գրում եմ՝ իմ սրտաբուխ երախտագիտությունը հայտնելու համար 2020 թ․ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը խիզախորեն զոհաբերած հերոս եզդիների հիշատակը հարգելուն ուղղված կրթաթոշակին դիմելու հնարավորության համար: Եզդիական համայնքը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում եղել է և կա ուժի, տոկունության ու անսասան վճռականության խորհրդանիշ: Երախտագիտությունս եմ հայտնում ծրագրի կազմակերպիչներին և հովանավորներին՝ հայ երիտասարդներիս նման շանս ընձեռելու համար, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է, հատկապես հայ արևելագետի համար:
Այն հիմնախնդիրները, որոնք առկա են եզդիական գյուղերում, էլ ավելի են մեծացնում պատրաստակամությունս ծրագրին մասնակցելու և եղածիս հնարավորությամբ աջակցությունս բերելու նախկին ծրագրի շահառուներին: Եզդի ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել իր պատրաստակամ օգնությունը եղբայր ազգին, ինչի վառ դրսևորումը տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հայ և եզդի զինվորները Հայրենիքը հավասարապես պաշտպանում էին թշնամուց: Եվ սա մեր աչքի առաջ ունենալով՝ մենք էլ մեր հերթին հնարավորության սահմաններում մեր աջակցությունը պետք է բերենք մեր եզդի եղբայրներին և քույրերին: Մերօրյա ժամանակներում, երբ անհատի կյանքում կրթությունն իր անբաժան տեղն ունի, եզդիական գյուղերում դեռ խնդիրներ կան, և հարկ է, որ լավագույնս աջակցենք և օգնենք մեր եզդի եղբայրներին և, մասնավորապես, քույրերին՝ այդ խնդիրը հաղթահարելու համար»:
«․․․Կրթության մակարդակը լավացնելու համար առաջարկում եմ սկսել ոչ թե երեխաներից, այլ առաջինը՝ ուսուցիչներից։ Քրդերենը համայնքներում արտադասարանային առարկա է համարվում, որն իրականացվում է դասերի ավարտից հետո։ Այս պարագայում ո՛չ աշակերտը, ո՛չ էլ ուսուցիչը հոգնածության պատճառով չեն կարողանում արդյունավետ իրականացնել լեզվի ուսուցումը։ Առաջարկում եմ ստեղծել մի ծրագիր, որի ժամանակ ուսուցիչները կանցնեն հատուկ վերապատրաստում, իսկ աշակերտները համապատասխան թեմաներով սեմինարների կմասնակցեն։ Դասընթացների շրջանակում ուսուցիչները կտեղեկանան ավելի հետաքրքիր դաս անցկացնելու ծրագրերին, իսկ ձեռք բերված գիտելիքները կկիրառվեն լսարանում։ Սա կխթանի աշակերտ-ուսուցիչ կապը և ակտիվություն կմտցնի համայնքի երիտասարդության շրջանում։ Եվ որ ամենակարևորն է՝ հետաքրքրություն կառաջանա սեփական մշակույթի նկատմամբ»։
Բարերարը ևս անմասն չի մնացել արևելագիտության բարեբեր մթնոլորտից․ ֆակուլտետի նահապետ, բ․գ․թ․, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն Անահիտ Տեր-Ստեփանյանին նվիրել է մետաքսե գլխաշոր ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի նկարի վերարտադրությամբ։
Գլխաշորի վրա Արարատն է՝ հայոց սրբազան լեռը և առաջնորդող խորհրդանիշը։
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»․ հենց այս նշանաբանով 2021 թվականից «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագիրը, որի նպատակն է հանուն Հայրենիքի անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության առաջընթացի գաղափարին՝ խրախուսելով բուհերի շնորհաշատ ուսանողներին, քաջալերելով նրանց կրթական հաջողությունները և հայրենատիրության հանձնառությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե սերմեր»՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Էրիկ Հաջիկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» 11-րդ կրթամրցանակը նվիրված է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» 10-րդ կրթամրցանակը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Յակովլևի հիշատակին
- «Ոսկե սերմեր». Կրթամրցանակ՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով հավատում էր իր հայրենիքի հավերժությանը
- «Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները