Գառնիկ Դանիելյան. ԱԺ Խորհրդի նիստը տեղի կունենա ժամը 16.00-ին
«Բողոքի ակցիաներին նաև ՔՊ-ական պատգամավորների հարազատներ են մասնակցում, նաև ընտանիքի անդամներ։ Ասում են, որ գերի են, իրենք էլ հաշտ չեն այս իրականության հետ, մնում են շանտաժի, կոմպրոմատների, սպառնալիքների տակ, իրենք են ուզում, որ մարդիկ հավաքվեն, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց մեջ կուտակվածն արտահայտել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հայտնեց՝ այսօր ժամը 16-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։
«Կարծում եմ, որ դրական եզրակացություն կլինի։ Այն, ինչ առաջարկել ենք, օրինականության ու տրամաբանության մեջ է»,-ասաց նա։
Դանիելյանի խոսքով, կլուծվի նաև Բագրատ Սրբազանի երկքաղաքացիության հետ կապված հարցը։
«Կլուծվի։ Շատ գործընթացներ կան, շատ բաներ կան, որ չենք կարող ձեզ ասել, ամեն ինչ նորմալ է, այսօր բտեղի է ունենալու խորհրդի նիստը, մնացած բաների մասին էլ կխոսենք։ Ժամը 4-ին կարևոր նիստ է լինելու, մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ ԱԺ մոտ ու մասնակցել բողոքի ակցիային»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը, խոսելով անելիքների մասին, հայտարարել էր.
«Քայլ առաջին՝ դիմելով ԱԺ-ին եմ ասում, մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ՝ հունիսի 11-ին, ժամը 18 30-ին՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու պահանջով։
Երկրորդ քայլով հունիսի 10-ին ԱԺ-ի Խորհուրդը, ժողովրդի որոշմամբ և պահանջով պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։
«Քաղաքական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզապես պարտավոր են ենթարկվել այդ պահանջին, գործել անձնական խղճով ու համոզմունքով և շարժումն իր ներկայությամբ թույլ չի տալու հերթական հակապետական քայլն անել։
Երրորդ քայլով, մեր համաժողվորդավարական պահանջի հիման վրա խորհրդարանը համաձայնություն է տալիս գործող կառավարության հրաժարական տալու և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։
Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը, պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած մեր ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, ժառանգությանը մեր գալիքին ու հաղթանակներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան