ՍԴ-ն ձգձգում է մարտի 1-ի գործով մեղադրանքների վերաորակման հարցով Վճռաբեկ դատարանի դիմումի վերաբերյալ որոշման կայացումը
Սահմանադրական դատարանն այսօր պետք է որոշում կայացներ մարտի 1-ի գործով մեղադրանքների վերաորակման հարցով Վճռաբեկ դատարանի դիմումի վերաբերյալ, սակայն դատաքննությունը հետաձգվել է։ Գործի դատաքննությունը նշանակվել է ավելի քան մեկ ամիս անց՝ հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին Panorama.am-ը տեղակացավ ՍԴ պաշտոնական էջից։
Դատաքննությունն արդեն երրորդ անգամ է հետաձգվում։ ՍԴ-ն հիմնավորել է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն կա։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»։
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 309.1-ը վերաբերում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմաններին, 3-րդ կետը մասնավորապես սահմանում է. «Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է»։
Վճռաբեկ դատարանը նման դիմում ներկայացրեց ՍԴ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցած քրեական գործից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պրոպագանդիստական արշավ սկսեցին Մարտի 1-ի գործով, մարդկանց գլուխը լցրեցին՝ պարզվեց սուտ է. Էդգար Ղազարյան
- ՀԿ. «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան