ԿԿՀ անդամ Փաշինյանի դիրքորոշման շնորհիվ Սուրեն Պապիկյանի կինը վարչական պատասխանատվության չի ենթարկվել. ՀԵՏՔ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) այդպես էլ չի կարողացել որոշում կայացնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ՝ Արմինե Մուրադյանի վերաբերյալ, որը չէր հայտարարագրել հարսանիքի ժամանակ ստացած մեծ գումարները իր եկամուտների շարքում: Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել» հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի դիրքորոշման արդյունքում:
Այս մասին գրում է «Հետք»-ն ու մանրամասնում.
«2021-ի նոյեմբերին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Ս. Պապիկյանն ամուսնացել է 2022 թ. հունվարին, և նրա կինը՝ Արմինե Մուրադյանը, որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, պարտավոր է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր ներկայացնել (2019-2021 թթ. էլ Մուրադյանը հայտարարատու անձ է եղել, քանի որ զբաղեցնում էր ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ՏԿԵ նախարարն այդ ժամանակ հենց Ս. Պապիկյանն էր):
2023-ի մայիսին Ա. Մուրադյանը ԿԿՀ-ին է ներկայացրել 2022 թ. տարեկան հայտարարագիր, որտեղ, սակայն, «եկամուտներ» բաժնում չի նշել հարսանիքի ժամանակ կանխիկ գումարի տեսքով ստացած նվիրատվությունները:
Ամուսիններն իրենց տարեկան հայտարարագրերը ներկայացրել են նույն օրը, բայց ի տարբերություն կնոջ՝ Ս. Պապիկյանը որպես եկամուտ ներկայացրել է գումարի տեսքով ստացած նվերները՝ 13.400 եվրո, 22.000 դոլար և 19.750.000 դրամ:
Պապիկյանի ստացած խոշոր նվերների մասին 2023-ի ամռանը գրել էր yerkir.am-ը: ԿԿՀ-ն էլ լրատվամիջոցի հարցմանը պատասխանել էր, որ նախարարի ստացած «դրամական միջոցները հանդիսանում են վերջինիս հարսանեկան արարողության ընթացքում ստացված նվիրատվություններ»: Հանձնաժողովը նաև նկատել էր, որ «նվիրատվության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները հանդիսանում են օրինական եկամուտ»»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։