Չեմ հասկանում, թե դուք ինչո՞ւ եք եկել նիստի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ ձեր խմբակցությունները այսօր եկել են Ազգային ժողով»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին։
Նա նշեց. «Երեկ ձեր Սրբազան դաշինքի շարժումը հայտարարում էր, որ այսօր չպետք է թողնեք մեզ գալ գործի։ Ինչպես տեսնում եք՝ մենք բոլորս գործի ենք։
Բայց ես չեմ հասկանում, թե դուք ինչո՞ւ եք եկել։ Գուցե դրա մեջ կողմնորոշվեք՝ ո՞րն է ձեր տակտիկան՝ ԱԺ նիստերը տապալե՞լ, թե՞ չտապալել։ Կարո՞ղ է պարզվի այսօր եկել եք ԱԺ, որովհետև, օրինակ, եթե նիստին չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»։
Ռուբինյանը նաև նշեց, որ երեկ ինքը ԱԺ խորհրդի նիստին, երբ քննարկվում էր ընդդիմության առաջարկը՝ ԱԺ արտահերթ նիստն ավելի շուտ անցկացնել, երկու հարց է բարձրացրել․ «Ինչո՞ւ է ներկայացվել ԱԺ ուղերձի նախագիծ և ոչ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ։
Մեր ընդդիմադիր գործընկերներն ասացին, որ դա լրիվ այլ հարց է և երկրորդ հարցս՝ ինչո՞ւ ուղերձում նշված չէ Բագրատ Գալստանյանի վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին։ Էլի ասացին, որ դա այլ գործընթաց է։ Սա ինձ համար շատ տարօրինակ է հարգելի գործընկերներ»։
Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհրդին, որով առաջարկվում էր արտահերթ նիստ հրավիրել և օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։ Սակայն խորհուրդը դեմ էր քվեարկել միջնորդությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իմ ու ձեր արածները որևէ բանով իրարից չեն տարբերվում. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
- Բագրատ Սրբազան. Մենք կամ նրանց գործի չպետք է թողնենք, կամ իրավունք չտանք շարժվելու
- Եթե մեր պահանջը մերժվում է, մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց չթողնել գործի գալ. Բագրատ Սրբազան