Ֆինանսների նախարար. Մենք դարձել ենք ավելի հարուստ, ավելի արտադրողական և ավելի մրցունակ
Հայաստանի 2023 թվականի բյուջեի եկամուտների 94,2 տոկոսը ձևավորվել է քաղաքացիների և բիզնեսների կողմից վճարված հարկերի և տուրքերի միջոցով և ավելի է եղել նախորդ տարվա ցուցանիշից 0.7 տոկոսային կետով: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2023 թվականին մեկ շնչին բաժին ընկնող միջին հարկի ցուցանիշը կազմել է գրեթե 750 հազար դրամ: Համեմատության համար նշեմ, որ 5 տարի առաջ մեկ շնչին բաժին ընկնող հարկի ցուցանիշը կազմում էր 424 հազար դրամ, իսկ 10 տարի առաջ՝ 331 հազար դրամ:
Նշած ցուցանիշները ոգևորվելու և հպարտանալու տեղիք են տալիս: Եվ սա է հիմնավորումը, որ մենք դարձել ենք ավելի հարուստ, ավելի արտադրողական և ավելի մրցունակ մի կողմից, մյուս կողմից հարկման համակարգում փորձում ենք հնարավորինս արդարացի և հավասար բաշխում իրականացնել, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերի միջև համադրելի և արդարացի հարկային բեռ սահմանելու ուղղությամբ էական աշխատանքներ ենք տանում»,–ասաց Վ.Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով, հարկեր վճարելը ոչ միայն ֆինանսական կարիքները բավարարելուն կամ երկրի կառուցման գործում քաղաքացիների մասնակցության չափի մեծացմանն է ուղղված, այլև սոցիալ-տնտեսական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում: Ըստ նրա, 0,7 տոկոսային կետով հարկեր-ՀՆԱ բարելավումը նաև հարկային վարչարարության մեծ ջանքերի արդյունք. «Հարկայի վարչարարությունն ուղղված է ստվերի կրճատմանը, ապահովում է փողի կայուն ներհոսքը բյուջե, միաժամանակ վերականգնում, ուշքի բերում խաթարված արդարությունը»։
«Հարկ վճարելուց խուսափել՝ ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը, լայն իմաստով նշանակում է վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունն ու շարժառիթները, էլ ավելի լայն իմաստով խոչընդոտում է արդարության իրագործմանն ու հավասար հնարավորություններ ունենալու կենսական նախապայմանին։
Հարկերից խուսափող տնտեսվարողը ոչ պակաս մեղավոր է կոռումպացված պետական աշխատողից։ Եվ քանի որ մենք խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ, խստացնում ենք նաև հարկերից խուսափելու համար սահմանված պատժի մեխանիզմները»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան