Արա Այվազյան. Հայաստանի իշխանությունները չեն դիմադրում Բաքվի և Անկարայի անվերջ պահանջներին
Մարդկության պատմության ընթացքում մենք բախվում ենք երկու փոխկապակցված ժամանակաշրջանների՝ պատերազմի և խաղաղության։ Հայտարարեց ԱԳ նախկին նախարար, «Դիվանագետների Համահայկական խորհրդի» համահիմնադիր Արա Այվազյանը։
Նշենք, որ նա մասնակցում է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կազմակերպած «Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով միջազգային կլոր սեղանին։
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտության առաջնահերթ խնդիրը պատերազմի սպառնալիքների հաղթահարումն ու արժանապատիվ խաղաղության հասնելն է։ Ինչպես մարտի դաշտում ձախողված բոլոր երկրները, Հայաստանը նույնպես 2020 թվականից հետո զրկվեց իր անվտանգության միջավայրն ապահովող հիմնական գործիքներից՝ ռազմական, տարածքային, տնտեսական և բարոյահոգեբանական բաղադրիչներից, ինչպես նաև ինքնիշխան և արդյունավետ կառավարման կարողությունից»,- ասաց Այվազյանը։
Նրա խոսքով, պատերազմի դաշտում պարտություն կրելով՝ Հայաստանի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան օգտագործել դիվանագիտության հնարավորությունները՝ աստիճանաբար հարթելու իրավիճակը և կանխելու վերջնական պարտությունը դիվանագիտական ճակատում։
«Դրա համար կային նաև օբեյեկտիվ պատճառներ, սակայն պաշտոնական Երևանի ճակատագրական սխալներն ու սխալ հաշվարկները հանգեցրին մի իրավիճակի, երբ արտաքին քաղաքականությունը դադարել է լինել ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը, արտաքին դերակատարներն ու գործոններն են ճնշող մեծամասնությամբ որոշում, երբեմն թելադրում Հայաստանի վարքագիծը միջազգային ասպարեզում և մեր ներքին օրակարգում»,-ասաց նախկին նախարարը։
Բանախոսն ընդգծեց՝ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է վերջնականապես ամրագրելու ռազմական հաջողությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե գաղափարաբանական ոլորտներում, ինչը կհանգեցնի մեր տարածաշրջանում նրանց մշտական գերակայության հաստատմանը, և ի վերջո Հայաստանը կդարձնի ոչ կենսունակ պետական սուբյեկտ։
«Թաքնվելով միջազգային հանրության համար ականջահաճո խաղաղության մասին հռետորաբանության հետևում՝ նրանք հետևողականորեն վարում են բացահայտ էքսպանսիոնիստական, ագրեսիվ արտաքին քաղաքականություն»,- ասաց նա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի իրական նպատակների մասին կասկածներ ունեցողներին խորհուրդ տալով ծանոթանալ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հարցազրույցը։
«Այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան այլևս չեն թաքցնում հայկական գործոնի վերջնական չեզոքացման իրենց մշտական նպատակները, ես իսկապես դժվարանում եմ կենտրոնանալ Երևանի համարժեք արտաքին քաղաքականության վրա։ Այսօր արդեն պարզ է, որ ներկա իշխանությունները, պրագմատիզմի անվան տակ և, իհարկե, հետևելով արևմտյան գործընկերների հրատապ խորհուրդներին, նվազագույն դիմադրություն են ցույց տալիս Բաքվի և Անկարայի անվերջ պահանջներին՝ պատրանքային խաղաղության հասնելու և բոլորովին այլ նպատակներ հետապնդող ագրեսորների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Վատթարացող ստատուս քվոն պահպանելու հուսահատ փորձեր ձեռնարկելով՝ Հայաստանը միակողմանի զիջումների և փոխզիջումների քաղաքականություն է վարում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դմիտրի Տրենին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակում ՀԱՊԿ-ը ցույց տվեց թույլ կողմերը
- Դմիտրի Տրենին. Հիմա Ռուսաստանի և դրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունը մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան