Դուրս կգանք, բա կարո՞ղ է ետ գնանք. Փաշինյանի՝ ակնարկը ՀԱՊԿ-ի մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ավետիս Թադևոսյանը հարց տվեց Նիկոլ Փաշինյանին, որ «եթե չլինեիք իշխանություն, օրինակ, հայ ժողովուրդը, Հայաստանը, Արցախը, ի՞նչ վիճակում կլինեին, տվե՞լ եք այդ հարցը ձեզ»։
«Այո, տվել եմ և պատասխանն էլ գիտեմ՝ հիմա կլիներ ամեն ինչ նույնը մի տարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը կլիներ գուբերնիա, 100 տոկոսով»,- պատասխանեց Փաշինյանը։
Այնուհետև շարունակեց. «Մեղավո՞րը։ Մեղավորը նրանք էին, ովքեր ձևավորել էին փուչիկ դաշինք, որի անդամները պարզվեց ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններ են կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը։ Այ դրանք են մեղավորը»։
Տեղից արձագանքին՝ «բա դուրս եկեք», ասաց. «Դուրս կգանք։ Դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում, մենք կորոշենք երբ դուրս գանք։ Ասում ենք, պակա՞ս է եղել այդ ասելիքի։ Ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա։
Ասեմ՝ ուր ենք գնում ու ասեմ, որ համարյա տեղ ենք հասել։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն՝ ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն։
Իսկ այնտեղ, մի անհնագստացեք, հետ չենք գնա, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»։