Հայաստանում ամուսնության տարիքային շեմը սահմանվեց 18 տարեկանը
Ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվեց 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենսդրական նախագծերը՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»։
Նախագծերն ընդունվեցին 67 կողմ, 1 դեմ, 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ՀՀ գործող օրենսդրության համաձայն ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Ըստ ընդունված փոփոխությունների՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը:
«Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը»
ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
Ամուսնության տարիքային շեմի բարձրացման արդյունքում առավել խիստ մոտեցմամբ պայմանավորված որպես այդպիսին հնարավոր կլինի բացառել վաղամուսնությունները:
Ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին առավել արդյունավետ կերպով իրականացնել երեխաների կրթական, առողջապահական պետական վերաբերելի քաղաքականությունը, իսկ վերջնարդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետորեն ապահովել հասուն, գիտակից եւ առողջ քաղաքացու սահմանադրորեն հռչակված ամուսնանալու ազատությունը: