«Հրապարակ». ԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ առավոտից ԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր, ինչը չկարողացավ քողարկել: Նրա այցից առաջ շենքում, դրանից դուրս եւ հատկապես նիստերի դահլիճում անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկել: Հազարավոր ոստիկաններ պատ էին կազմել ԱԺ շենքի առջեւ, իսկ նրա այցից առաջ անվտանգության 4 աշխատակից դահլիճում հատ-հատ ստուգում էին պատգամավորների աթոռները, սեղաններից հավաքում ջրի շշերը։ Նիստի ողջ ընթացքում 2 աշխատակից նստել էին դահլիճում, չնայած դահլիճում հիմնականում ՔՊ-ական պատգամավորներն էին, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցում բյուջեի կատարողականի քննարկմանը եւ եկավ միայն հարցուպատասխանի ժամանակ:
Փաշինյանը ողջ ընթացքում անհանգիստ շարժումներ էր անում, կողքերը նայում, հեռախոսով անընդհատ գրում եւ ձայնային հաղորդագրություններ ուղարկում՝ հավանաբար, հրահանգներ տալով ենթականերին եւ անվտանգությանը: Իսկ ընդմիջումների ժամանակ, սթրեսը հաղթահարելու միտումով, շրջում էր ԱԺ այգում, որտեղից երեւում էր դրսում հավաքված բազմությունը: Նաեւ այցելել է բուֆետ, շփվել լրագրողների հետ: Իսկ սրբազանի հայտարարած հավաքի ժամին` հարցուպատասխանից առաջ, ԱԱԾ զորք է բերվել խորհրդարան, այդ թվում՝ դիմակավորված աշխատակիցներ:
ԱԺ աշխատակազմն էլ առավոտյան պատգամավորների եւ նրանց օգնականների ելումուտը սահմանափակող որոշում ընդունեց՝ ժամը 2-ից մինչեւ 22:00-ն թույլատրելով ելումուտը միայն Բաղրամյանի մուտքով: Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքը, փաստորեն, անառիկ էին պահել Նիկոլ Փաշինյանի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։