Երբեք նման վերաբերմունք դեպի լրատվամիջոցը, տեսախցիկն ու լրագրողը չի եղել. Բաղրամյան պողոտայում տուժած օպերատոր
Բաղրամյան պողոտայում երեկ ոստիկանության ձեռնարկած գործողությունների, ցուցարարների հետ բախումների հետևանքով ABC media խմբագրության նկարահանող երկու խումբ է տուժել՝ երկու լրագրող, երկու օպերատոր, վնասվել է նաև տեխնիկան։
Օպերատոր Արման Ղարիբյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց սաստիկ գլխացավեր ունի, լույսին նայել դեռ չի կարողանում։
«Ուղիղ եթեր էինք տալիս հանարահավաքի վայրից։ Այդ պահին իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ Ոստիկնական պատնեշը Դեմիրճյան փողոցի վրա էր, մեծաքանակ ոստիկաններ կային՝ զինված սաղավարտներով, վահաններով։ Երբ Բագրատ Գալստանյանը մոտեցավ ոստիկանական պատնեշին, որ նրանց հետ զրուցի, ոստիկանները սկսեցին վահաններով հարվածել գետնին, սկսվեց հրմշտոց։ Չեմ կարող ասել, թե առաջինը որ կողմից սկսեց հրմշտոցը, բայց իմ առաջև կանգնած քաղաքացիական համազգեստով մարդ կար, ենթադրում եմ՝ ոստիկանության աշխատակից էր, հրեցին ինձ, հրմշտոցի ժամանակ ընկա մեջքի վրա, գլուխս հարվածեցի ասֆալտին, հայտնվեցի ոստիկանների ու ցուցարարների ոտքերի տակ, ինձ նման շատերն ընկան, նաև իմ գործընկերը՝ լրագրող Նանե Հայրապետյանը»,-անցած օրվա մանրամասները Panorama.am-ին պատմեց Արման Ղարիբյանը։
Նա ընդգծեց՝ հանրահավաքը լուսաբանելիս կրել են բեյջեր, իրենց հետ ունեցել են տեսախցիկ, շտատիվ, ուղիղ եթերի սարք, բայց այդ ամենը չի օգնել, որ հրմշտոցից անմասն մնան։
«Շտատիվն է ջարդվել, հեռախոսս եմ կորցրել, հետո գտանք ջարդած վիճակում։ Մի խոսքով, կարողացանք մեր ուժերով դուրս գալ դեպի Դեմիրճյան փողոց, զանգեցի խմբագրություն, խնդրեցի, որ մեզ փոխարինող խումբ ուղարկեն։ Երկրորդ խումբն էլ տուժել է լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով՝ լրագրող Աղվանը Ասոյան և օպերատոր Էդիկը Մալաքյան»,-ասաց ABC media-ի օպերատորը։
Ղարիբյանն անցել է բուժզննում, բժիշկները լուրջ վնասվածք չեն արձանագրել, սակայն օպերատորի գլխացավերը շարունակվում են, լույսին նայել դեռ չի կարողանում։
Արմանն օրեր շարունակ տեսանկարահանել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած ակցիաները, հանրահավաքները։ Երեկ «Ֆոտոլուր»-ը ֆիքսել էր այն պահը, երբ լուսաձայնային նռանկը ոստիկանությունը գցում է հենց այն ուղղությամբ, որտեղ աշխատում են ԶԼՄ ներկայացուցիչները, կենտրոնացած են տեսախցիկները։
Հարցրեցինք, օպերատորն անցած օրերի ընթացքում տեսե՞լ է լրատվամիջոցների ներկայացուցիչների թիրախավորում ոստիկանների կողմից։
«Ունեմ 20 տարվա աշխատանքային փորձ, շատ ցույցեր եմ նկարահանել, երբեք նման վերաբերմունք դեպի լրատվամիջոցը, տեսախցիկն ու լրագրողը չի եղել։ Մենք մեր մասնագիտական պարտքն էինք այնտեղ կատարում, ոչ ոստիկանն էինք, ոչ ցուցարար։ Եթե հատուկ միջոցներ էր կիրառելու ոստիկանությունը, կարող էր հայտարարել, օրինակ, ասել ԶԼՄ-ներին հորդորում ենք մի քիչ հետ գնալ։ Ես զգացել եմ, որ կամերաները եղել են թիրախավորված։ Իմ կարծիքով, իհարկե, գործողությունները նախ կատարվում էին դեպի նկարահանող սարքերը, հետո նոր դեպի ցուցարարները։ Դա է ինձ կասկածի իրավունք տալիս։ Այնպես չի, որ ես առաջին անգամ էի ցույց նկարում, կամ փորձ չունեի, մեծ փորձ ունեմ թե նման իրավիճակներում, թե պատերազմական իրավիճակում աշխատելու»,-նշեց Արման Ղարիբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Դոկտորը»... ոստիկանների կողմից նռնակները նետելու պահին եթե այդտեղ չլիներ, երեխան էր վնասվելու
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած 101 քաղաքացիական անձ և ոստիկան դիմել է բուժօգնության
- Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
- Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը
- Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան