Արա Զոհրաբյան. Ոստիկանը պետք է բարձր գտնվի пацанский մտածելակերպից
Փաստաբան Արա Զոհրաբյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ոստիկանության երեկվա գործողություններին, գրում է.
«2024թ. հունիսի 12-ին տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ որոշ ոստիկանների դրսևորած վարքագիծը ԽԻՍՏ դատապարտելի է:
Առանձնակի դաժանություն, հայհոյանքներ, փողոցային մակարդակի վրեժխնդրություն:
Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, ՊԱՏԻՎՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ հարգելու, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ու հրապարակայնության սկզբունքների վրա:
Ոստիկանությունում ծառայության անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության դրոշի առջև, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Ոստիկանությունում` երդվում եմ.
հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:
Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»:
ՕՐԵՆՔՈՎ Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝
- ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼ ԵՐԴՄԱՆԸ, ցուցաբերել անմնացորդ նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը...
- հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.
- հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը.
- իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԻՐԹ, ՎԱՅԵԼՈՒՉ ԵՎ ՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ.
- հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ նվիրվել աշխատանքին:
Խոսքս ուղղում եմ բարեխիղճ ոստիկաններին՝
Հարգելիներս թույլ մի տվեք, որպեսզի ոստիկանի համազգեստ կրող դաժան և անօրեն ոստիկանները պատճառ դառնան ձեր ԵՐԴՄԱԶԱՆՑ լինելուն:
Ոստիկանության լիազորություն իրականացնելիս ոստիկանը պետք է բարձր գտնվի «տղայական (пацанский)» մտածելակերպից, ինչը նշանակում է, որ չպետք է հայհոյանքին հայհոյանքով կամ հայհոյանքին բռունցքով պատասխանի: Չէ՞, որ դիմացի կանգնած քաղաքացու նկատմամբ ոստիկանն ունի առավելություն, քանի որ ոստիկանը ներկայացնում է պետությունը, իսկ պետությունը չի կարող վայրագ ծեծող լինել:
Եթե ձեր նյարդերը չեն դիմանում, ապա նշանակում է, որ սխալ մասնագիտություն եք ընտրել: Եթե քաղաքացին ոստիկանի նկատմամբ ապօրինի վարքագիծ է դրսևորում, ապա ոստիկանը կարող է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը բարձրացնել և ոչ թե սեփական դատաստանը տեսնել:
Պահեք ձեր երդումը և ծառայեք Հայաստանի Հանրապետությանը ու ոչ թե՝ մասնավոր անձանց շահերին: Հիշեք, որ պատասխանատվությունն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է:
Հ.Գ. Հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը պետք է սադրանքներ կիրառող անձանց մեկուսացնի և ոչ թե անհասցե եղանակով հատուկ միջոց կիրառի քաղաքացիների նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան