Կանքից վաղաժամ հեռացել է Հասմիկ Մխիթարյանը
«Արցախ Կարպետ»-ը տեղեկացնում է․
«Խորը ցավով և կսկիծով տեղեկացանք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Արցախ կարպետ ընկերության երկարամյա արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը։
Բոլորի կողմից շատ սիրված տիկին Հասմիկը լուրջ ներդրում է ունեցել Արցախում գորգագործության եւ կիրառական ձեռագործ արվեստի այլ ճյուղերի ու արհեստների զարգացման, տարածման գործում։
2013 թ․ Երեւանից երկու շաբաթով Արցախ գործուղված վարպետը սիրահարվեց Հայրենիքի այդ հատվածին՝ անկրկնելի Արցախին (ինչպես ինքն էր ասում) եւ մնաց իր սիրելի Արցախում 10 տարի՝ գրեթե մինչեւ Արցախի Հանրապետության վերջին ամիսները։
Շուշիում, Ստեփանակերտում, Ճարտարում, Հադրութում եւ Բերձորում հարյուրավոր կանայք տիրապետել են հայկական գորգագործության ավանդույթներին ու տեխնիկային մեր սիրելի տիկին Հասմիկի ուսուցմամբ եւ ձեռամբ։
Այս գիշեր հիվանդությունը խլեց մեր սիրելի Հասմիկի կյանքը։
Սիրելի Հասմիկ, հիմա երեւի շրջում ես քո սիրելի քաղաքներում՝ Շուշիից մինչեւ Հադրութ, Ճարտարից մինչեւ Բերձոր, երեւի մտնում ես Ստեփանակերտում քո աշխատասենյակը, որտեղ այնքան քիչ էիր լինում, որոհվետեւ գործարանի ամեն ակյունից անընդհատ քո անունն էին տալիս․․․
Սիրելի Հասմիկ, 10 տարի քո ներկայությամբ դու գեղեցկացրել ես քո բաժին Արցախը․․․
Ստեփանակերտում ծնված ու մեծացած չլինելով՝ դու հասցրել ես դառնալ Ստեփանակերտի ճանաչված ու սիրելի կերպարներից մեկը։
Գիտե՞ս , դու շատ էիր սազում քաղաքի Թումանյան, Վազգեն Սարգսյան, Ազատամարտիկների փողոցներին, Վերածննդի հրապարակին․․․այնտեղ, որտեղ քեզ քայլելիս հանդիպում էին։
Սիրելի Հասմիկ, սիրելի Վարպետ, մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի ընկեր, քեզ կարոտելու ենք շատ․․․
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, Վարպետ»։