Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանների բախումներ, ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ դիմել է բուժօգնության։ Ինչքանո՞վ են համաչափ այդ գործողությունները, կա՞ր այդ միջոցների կիրառման անհրաժեշտություն։
Panorama.am-ն այս ու այլ հարցերի շուրջ զրուցել է իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցի հետ։
Նինա Կարապետյանց-Համաչափության տեսակետից կդժվարանամ պատասխանել, քանի որ ամբողջական պատկերը դեռ չկա։ Տարբեր տեսակի տեսանյութեր ենք ստանում, որոնք համալրում են պատկերը, հնարավոր է փոփոխության ենթարկվի մոտեցումը։
Սակայն այն, թե ինչպես օգտագործվեցին լուսաձայնային նռնակները, հաստատապես կարող եմ ասել, որևէ թույլատրելի, ընդունելի, հասկանալի պատճառ չէր կարող լինել։ Առավել ևս դրա ջատագովությունը, խրախուսումը չափազանց վտանգավոր է։
Panorama.am-Ոստիկանության գործողություններին նախորդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Ազգային ժողովում, որով նա ողջունեց ոստիկաններին, իսկ առավել սկզբունքայիններին խոստացավ աշխատանքի դրական գնահատական։ Գուցե դա՞ խրախուսեց ոստիկաններին։
Նինա Կարապետյանց-Ես մի քիչ ավելի հետ կգնամ։ 2019-ին մենք ունեցանք մի իրավիճակ, երբ մեկը մյուսի հետևից փակվեցին, կարճվեցին այն գործերը, որոնք վերաբերում էին «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ոստիկանների բռնություններին, որոնք չէին փակվել Սերժ Սարգսյանի օրոք, փակվեցին Սարի թաղի գործը, լրագրողների նկատմամբ բռնությունների գործեր։ Այդ ժամանակ ես ասում էի՝ հաջորդ քայլը լինելու է նույն գործիքակազմով, նույն տրամադրությամբ, նույն մեթոդաբանությամբ ոստիկանությանը որպես գործիք օգտագործելն այս իշխանությունների կողմից։
Ինձ համար վերջին օրերին երկու կարևոր իրադարձություն եղավ, մեկը Լևոն Երանոսյանի գործի փակումն էր, համաներումով ազատելն ու փաստորեն որևէ պատասխանատվության չենթարկելը և երկրորդը վարչապետի խոսքը թիվ մեկ ամբիոնից, ուղղակի ակնհայտ է, որ դա չէր մնալու անհետևանք, հայտարարվեց, որ ոստիկանությունն ինչ գործողությունների էլ գնա, միևնույն է՝ գործող իշխանությունը շնորհակալ է, խոնարհվում է, սիրում է ոստիկանությանը։
Panorama.am-Դուք հիշեցիք Սարի թաղի դեպքերը, երբ էլի ԶԼՄ ներկայացուցիչներ էին վնասվածքներ ստացել։ Կարծիք կա, որ երեկ Բաղրամյան պողոտայում լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչները հատուկ թիրախավորվել են ոստիկանության կողմից։
Նինա Կարապետյանց-Չեմ բացառում, որ դիտավորություն ևս կարող է լինել։ Տարաձայնություններ կան, այն բոլոր լրատվամիջոցները, որ լուսաբանել են ակցիաների ողջ ընթացքը, նրանց նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք կա։ Այսինքն, երբ նույն գործողությունն անում էին այլ ԶԼՄ-ներ 2018 թվականին, չգիտես ինչի, արժանացան ծափահարությունների, գովասանաքի։ Իսկ երբ նույն գործողությունն անում են այլ լրատվամիջոցներ մեկ այլ շարժման վերաբերյալ, նման վերաբերմունք է ձևավորվում։ Ես խնդիր չունեմ որևէ կողմի համակրել-չհամակրելու, խնդիրը փաստն է, որ նույնանման գոևծողություններին մի դեպքում տրվում է մի գնահատական, մյուս դեպքում՝ այլ։ Իսկ ամենացավալին անշուշտ քաղհասարակության ներկայացուցիչների գնահատականներն են, որոնք նույնանման գործողությունների դեպքում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի օրոք տալիս էին լրիվ ուրիշ գնահատականներ, այսօր պատրաստ են մինչև անգամ ծափահարել ու ողջունել ոստիկանությանն ու իշխանությանը։
Panorama.am-Տիկին Կարապետյանց, շատերը նշում են, որ տարիներ շարունակ այս իշխանությունը հայտարարում է ոստիկանության բարեփոխման մասին։ Այսպիսի՞ն պետք է լինի բարեփոխված ոստիկանությունը։
Նինա Կարապետյանց-Բնականաբար, ոչ։ Հասարակությունն էլ պետք է հասկանա, որ ոստիկանությունն օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի, այլ հասարակական կարգը պահպանելու, հանցավորության դեմ պայքարելու մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս մեզ բոլորիս լինել պաշտպանված։ Սակայն այն, ինչ տեսել ենք մենք 30 տարի շարունակ ու տեսնում ենք հիմա, ոչ ոստիկանության, ոչ էլ առավել ևս բարեփոխված ոստիկանության հետ աղերս չունի։
Իրականում ոստիկանությունը դիտավորությամբ չտարվեց բարեփոխման, իրականացվեցին արտաքին գեղեցիկ փաթեթավորումներ, որը նաև մեր միջազգային գործընկերներն ընդունեցին, բայց բովանդակային առումով ըստ էության որևէ փոփոխության չգնացին, և դա նպատակ ուներ, բարեփոխված ոստիկանության պարագայում մենք նման իրավիճակ չէինք կարող ստանալ՝ ապօրինի հրահանգներ, ուժի անհամաչափ կիրառում, ապօրինի ձերբակալումներ, ձերբակալումից հետո մեքենաների մեջ աննկարագրելի վայրագ վերաբերմունք, նման բան չէր կարող լինել, լինելու դեպքում էլ համարժեք գնահատական կտրվեր։
Քանի դեռ մենք ունենք իշխանություն, որը մտածում է իր հարմարության, ապահովության, բարեկեցության, պաշտոնում մնալու մասին, ունենալու ենք այս նույն պատկերը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան