Մայր Տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է
Հունիսի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվել են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքների և ներքաղաքական զարգացումների մասին զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը խոր մտահոգությամբ անդրադարձ է կատարել ներքաղաքական խնդիրներին, անվտանգային մարտահրավերներին և հունիսի 12-ին Երևանում խաղաղ ցուցարաների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման միջադեպին։ Այս առնչությամբ ԳՀԽ հանդես է եկել առանձին հայտարարությամբ։
Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաև Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Գոհունակությամբ արձանագրվել է, որ Մայր Տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է։
Տեղեկացվել է սեպտեմբերի 27-29-ին նախատեսվող Մայր Տաճարի վերաօծման, Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունների և հարակից միջոցառումների նախապատրաստման փուլում իրականացված շինարարական, հրատարակչական, ծիսաարարողակարգային աշխատանքների ընթացքի մասին։ Ընդգծվել է նաև, որ վերոհիշյալ արարողություններին հրավիրված են մասնակցելու միջեկեղեցական պատվիրակություններ, մեծանուն, վաստակաշատ ազգայիններ։
Ժողովականները, ողջունելով կատարված աշխատանքները, կարևորեցին պատշաճ կազմակերպումը նախանշված արարողությունների, որոնք նոր հույս և մխիթարություն պիտի պարգևեն համայն հավատավոր մեր ժողովրդին։
Ժողովի ընթացքում քննարկման առարկա է դարձել եկեղեցավարչական, թեմերի գործունեությանը, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր։ Որոշվել է 2025 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով:
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհուրդ. Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից
- Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում կքննարկվեն նաև ներքաղաքական զարգացումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան