Միջազգայնագետ. ԱՄՆ պետդեպի դեսանտի Երևան այցից հետո սկսեցին հայ-բելառուսական դիվանագիտական հրաձգությունները
«Բավականին տհաճ իրավիճակ է ստեղծվել։ Հայ-բելառուսական հարաբերությունները, որ միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա, կարծում եմ, արժանի չեն այս վիճակին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանից ու Բելառուսից միմյանց ուղղված հայտարարություններին ու վիրավորական արտահայտություններին։
Նրա համազմամբ, վիրավորական բնույթի հայտարարությունները խոսում են Փաշինյանի ու Լուկաշենկոյի անձնական բնույթի հարաբերությունների մասին, պետությունների, առավել ևս ժողովուրդների միջև հարաբերությունները սրա հետ կապ չունեն, ինչի մասին հայտարարեց նաև Բելառուսի ԱԳ նախարարության խոսնակը։
«Կարծում եմ, ոչ թե պատճառն այն էր, որ Լուկաշենկոն այցելեց Շուշի՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավար, այլ այնտեղ արված հայտարարություններն են։ Իսկ դրանք հաջորդեցին Բրյուսելում Տիխանովսկայա-Սիմոնյան հանդիպմանը, ինչը Լուկաշենկոյի համար անցանկալի էր, նա թշնամական հարաբերություններ ունի Տիխանովսկայայի ու նրա ընտանիքի հետ։ Կարծում եմ, մենք այստեղ անզգուշություն դրսևորեցինք, ինչն էլ դարձավ նման հարաբերությունների զարգացման պատճառ»,-ասաց միջազգայնագետը։
Անդրադառնալով երկու երկրների ԱԳ նախարարությունների խոսնակների փոխադարձ հայտարարություններին՝ Բալասանյանն ասաց, դեմ է նման բառապաշարին, այն համարում է ներքին գործերի միջամտություն։
«Պետությունների ու ժողովուրդների միջև հարաբերությունները չեն շահում նման հայտարարություններից։ Նման գործելաոճն անթույլատրելի է, երկու կողմերին էլ հանգստանալ է պետք և սթափ դատել, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Չեմ կարծում, որ իրավիճակից դուրս գալու ճանապարհ չկա։ Ուղղակի քաղաքական կամք ու ցանկություն է պետք, ինչպես նաև չլսել միջնորդների, երրորդ երկրների, որոնք իրենց շահերից ելնելով՝ շահագրգռված են Հայաստան-Բելառուս հարաբերությունների վատացմամբ»,-նշեց Գ. Բալասանյանը։
Հարցին, արդյոք Ադրբեջանի՞ն ի նկատի ունի միջազգայնագետը, արձագանքեց.
«Ոչ միայն Ադրբեջանին, եթե հետևեք իրադարձություններին, միգուցե պատահականություն էր, բայց հարաբերությունների լարվածություն սկսեց Պետդեպի դեսանտի Հայաստան իջնելուց հետո։ Այստեղ իր անուրանալի դերն ունի նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Նման զուգադիպություններ չեն լինում։ Այդ այցից հետո սկսեցին հայ-բելառուսական դիվանագիտական հրաձգությունները, իսկ Լուկաշենկոն իր հայտարարություններն արել էր մոտ չորս շաբաթ առաջ, այդ ի՞նչ եղավ, որ չորս շաբաթ հետո նոր նման բնույթի հայտարարություններ են անում»։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Հայաստանում էր ու Նիկոլ Փաշինյանի հետ հադիպել էր ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին
- Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Բելառուսի ԱԳՆ
- Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
- Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի դեսպան. Փաշինյանը պետք է դեռ իրավիճակն իր համար պարզի
- Դե որ թրքասիրությունն է պատճառը՝ Լուկաշենկոն էլ Փաշինյանի հետ չի շփվի
- Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան
- Ես, Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս այլևս չի այցելի. Փաշինյան
- Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել
- Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
- Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
- Կարծում եմ՝ Նիկոլը պարզապես շտապեց և զգացմունքային հայտարարություն արեց. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործողությունների սառեցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան