Հնարավոր է` ավելի վաղ կարողանանք սկսել երկաթուղու շահագործումը. Գնել Սանոսյան
«Երկաթուղու հետ կապված աշխատանքները բավականին լավ տեմպով են առաջ գնում, և, հնարավոր է` ավելի վաղ կարողանանք սկսել շահագործումը, քան մտածում էինք»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներ։
Նա հավանական համարեց, որ երկաթուղին կբացվի առաջիկա օրերին, բայց կգործի որոշակի սահմանափակումներով:
Սանոսյանի տեղեկացմամբ՝ գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը 98-99 %-ով վերականգնված են, որոշ հատվածներում միայն տեխնիկական կամ անվտանգային նկատառումներով պայմանավորված միացված չեն։
Նա վստահեցրեց, որ ոռոգման հետ կապված հիմնական խնդիրներն առաջիկայում կլուծվեն: Ժամանակավոր կամուրջների կառուցման մասով աշխատանքը ևս շարունակվում է:
Սանոսյանը հայտնեց, որ խնդիր կա բեռնատարների տեղաշարժի համար, քանի որ ժամանակավոր կամուրջը հիմա մարդատարների կամ միջին ծանության մեքենաների համար է:
«Երեկ, կարծես, վերջնական լուծումներ ունեցանք, խմբերը վերադարձան: Հոբարձիի կամրջի ժամանակավոր լուծումն ենք գտել, թե ինչպես անել, և, հավանաբար, վաղվանից կսկսենք աշխատանքը»,-ասաց ՏԿԵ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Լարսում աշխատանքը վերսկսվել է, ջրհեղեղների ու սողանքների վտանգ այլևս չի արձանագրվում
- Ջրհեղեղի հետևանքով համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել
- Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին