Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահարը
Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում, որն անցկացվել է «Ջութակ» մասնագիտական կարգումմ առաջին մրցանակը նվաճել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Սերգեյ Մկրտչյանը (Ռուսաստան), իսկ երրորդ մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող Ռիո Արաին։
Առաջին մրցանակակիրը պարգևատրվել է 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Հաղթողը նաև հնարավորություն է ստանում 2025-26 թթ. համերգաշրջանի ընթացքում 1 համերգով հանդես գալու մրցույթի կողմից առաջարկվող նվագախմբի հետ։ Նա կպարգևատրվի նաև ջութակով՝ Ֆլորիան Լեոնհարդի «Fine Violin» ջութակի հավաքածուից։ Գործիքը մրցանակակրին կտրամադրվի մեկ տարով: Առաջին տեղի մրցանակակրին շնորհվել է նաև հատուկ մրցանակ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Էսթեր Հաֆների կողմից՝ «Haffnerbows» ընկերության արտադրության աղեղ։
Երկրորդ մրցանակակիրը պարգևատրվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նա հնարավորություն է ստանում երկու տարի ժամկետով ելույթ ունենալու Laureate Concert Group-ի կողմից տրամադրվող Strad ex-Huberman (1713) ջութակի կրկնօրինակով։
Երրորդ տեղը զբաղեցրած ջութակահարը պարգևատրվել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ ինչպես նաև մեկ ելույթի հնարավորություն է ստացել Բեռլինի Բլեքմոր համերգասրահում 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանձնվել են նաև հատուկ մրցանակներ։
Պարգևատրման արարողությունից հետո առաջին մրցանակակիր Տոմոտակա Սեկին մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Ելույթից հետո նա նշել է, որ իր համար մեծ անակնկալ էր մրցույթում ստանալ առաջին մրցանակը‚ իսկ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն ուղղակի հրաշալի է։ Նա շնորհակալություն հայտնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին‚ որի օգնությամբ կարողացել է լավագույնս ներկայանալ ստուգատեսի ընթացքում։
Այս տարի Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին գլխավորում էր հայ անվանի ջութակահար, պրոֆեսոր Զոհրաբ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում էին Անա Չումաչենկոն (Գերմանիա)‚ Կո Գաբրիել Կամեդան (Գերմանիա)‚ Պետեր Չաբան (Ֆրանսիա)‚ Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան)‚ Վերա Ցու Վեյլինգը (Չինաստան)‚ Էսթեր Հաֆները (Ավստրիա)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան