Ռոբերտ Էլիբեկյանն անձամբ առաջնորդեց իր թատրոնի աշխարհը. ՀԱՊ-ում բացվեց «Միստերիաներ» ցուցահանդեսը
«Հուզված եմ և վերջ։ Սրանից լավ բա՞ն»,- Panorama.am-ին ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, ով առաջին շարքում նստած սպասում էր, որ ազդարարվեր իր ցուցահանդեսի բացումը։
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց «Ռոբերտ Էլիբեկյան․ Միստերիաներ» ցուցահանդեսը։
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանի ներկայացմամբ, «Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայկական «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Նրա արվեստը միշտ թարմ է, քանզի հղում է հավերժականին՝ Գեղեցիկին, Սիրուն, Լույսին, Հոգևորին։ 1960-ականների կեսերից այն հաստատվեց վերելք ապրող հայ կերպարվեստում որպես մի ինքնատիպ և բացառիկ երևույթ։ Վարպետի ներդրումը մեծ է ոչ միայն գեղանկարչության, այլև գրաֆիկայի և բեմանկարչության ասպարեզներում»։
Ցուցահանդեսի համադրողներից Հայկուհի Սահակյանի խոսքով, անչափ հուզիչ է, որ վարպետն այսօր մեր կողքին է ու անձամբ է առաջնորդել իր թատրոնի աշխարհը։
«Ռոբերտ Էլիբեկյանի գեղանկարչությունն այնքան թատերական և թատրոնն այնքան գեղանկարչական է, նրա գեղանկարները կարծես թատերական միզանսցեններ լինեն»,- ասաց Հ.Սահակյանը։
Համադրողներից արվեստաբան Լիլիթ Սարգսյանը բացատրեց՝ ինչու «Միստերիաներ».
«Միստերիան սրբազան ծիսակատարություն է, մի մշակութաբանական հասկացություն, որն անտիկ Հունաստանից է գալիս, կարծես այդ հասկացությունը հենց այն է, ինչ մի բառով ու համապարփակ նկարագրում է էլիբեկյանական արվեստը։ Ոչ թե պարզապես թատրոն, այլ հենց միստերիա, քանի որ այդ սրբազան ծեսի ու դեպի կատարսիս բերող գործընթացի գաղափարն է ներդրված ամբողջ արվեստի մեջ»։
Արվեստաբանի խոսքով, վարպետի արվեստն ամոքող ունակություն ունի։
«Պարզապես խոսքեր չեն, իրոք, ես իմ անձնական զգացողություններով եմ ձեզ հետ կիսվում. ամենադժվար, հուսահատության, շփոթմունքի պահերին վարպետի արվեստն ինձ միշտ օգնել է, և ես հասկացա, որ այս իմ անձնական զգացողությունը պետք է ընդհանրացնել։
Մի հետաքրքիր զուգահեռ եմ ուզում բերել. 2016 թվականին Քառօրյա պատերազմից հետո նշում էինք մաեստրոյի 75-ամյակը։ Կազմակերպվել էր ցուցահանդես, գեղեցիկ երեկո, հիմա, երբ դիտում եմ այն ժամանակվա տեսագրությունները, դեժավյու եմ ապրում. ծանր ժամանակ էր ու այսպիսի բեմից փաստում էինք, որ մաեստրոյի արվեստը գալիս է լույս, բարություն, ամոքում բերելու, հակադրվելու չարիքի բոլոր ռեժիմներին, մութ ուժերին։ Այսօր թերևս նույն հոգեվիճակի մեջ ենք։ Կարող է թվալ հիանում ենք գեղեցիկ, առաջին հայացքից անվրդով մի արվեստով, բայց դա իրականում այդպես չէ»։
Նա նշեց, որ ցուցահանդեսը երեք սրահներից է կազմված, ներկայացված շուրջ 75 գեղանկարներում և թատերական ձևավորումների էսքիզներում սինթեզվում են Կիլիկյան մանրանկարչությունից, հայ եկեղեցական ճարտարապետությունից ու որմնանկարչությունից մինչև ռենեսանս, բարոկկո, ռոկոկո, «մոդեռն» և սիմվոլիզմ ընկած գեղարվեստական ավանդույթների նրբագույն վերարծարծումները։
Լ. Սարգսյանն ասաց, որ ներկայացված թատերական ձևավորումների էսքիզներն անչափ գեղեցիկ ու հետաքրքիր են, շատերը քիչ հայտնի են։
Լիլիթ Սարգսյանը նաև հայտնեց, որ ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը տրամադրել է Էլիբեկյանների ընտանիքը, ներառված են նաև գործեր Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե․Չարենցի անվ․գրականության և արվեստի թանգարանից և Ժամանակակից արվեստի թանգարանից և Մեծ Վարպետի հարուստ գեղարվեստական ժառանգության այս ընտրանուց մի շարք գործեր ցուցադրվում են առաջին անգամ։
Նկարչի որդին՝ Արեգ Էլիբեկյանը, շնորհակալություն հայտնեց համադրողներին, ովքեր կարողացան սեղմ ժամանակներում իրականացրել իրենց ընտանեկան երազանքը. «Շատ էինք ուզում, որպեսզի հայրիկս կարողանա իր ոտքով գա, այցելի այս երկար սպասված ցուցահանդեսին։
Այն պետք է կայանար հայրիկիս 80-ամյակի առիթով, բայց հետպատերազմյան, հետամահաճարակային իրավիճակում հայրիկս չցանակցավ նման ցուցահանդես կազմակերպել։ Այսօր անչափ ուրախ ենք, որ այս նախագիծն իրականություն դարձավ»,- ասաց Արեգ Էլիբեկյանը։
Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան և 1960- 1965 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1965 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներին։
969 թվականին Կամոյի դրամատիկական թատրոնում ձևավորել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը։ 1970 թվականին ձևավորել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի բեմական զգեստները։ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ձևավորել է Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի գործող անձանց բեմական զգեստները։ 1971 թվականին որպես նկարիչ մասնակցել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության էկրանացմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։
1972 թվականին որպես նկարիչ մասնակցել է «Հայկական որմնանկարներ» ֆիլմի էկրանացմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1973 թվականին Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի գործող անձանց զգեստները։ 1974 թվականին Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ձևավորել է Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետի գործող անձանց զգեստները, 1975 թվականին՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը, 1976 թվականին՝ Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան։
1977, 1978 թթ. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ձևավորել է Մոլիերի «Քաղքենին` ազնվականում» ներկայացումը, Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա» բալետի գործող անձանց բեմական զգեստները, Երևանի դրամատիկական թատրոնում՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» պիեսի գործող անձանց բեմական զգեստները, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Վաղարշակ և Հենրի Էլիբեկյանների հետ ձևավորել է Գաբրեիլ Սունդուկյանի «Խաթաբալա» ներկայացումը, 1978 թվականին՝ նույն պիեսի գործող անձանց բեմական զգեստները։ 1980 թվականին Գորկիի կրկեսում ձևավորել է «Սասունցի Դավիթ» ատրակցիոնը։
1983 թվականին Լեհաստանի Գդանսկ թատրոնում ձևավորել է «Գայանե» բալետի գործող անձանց բեմական զգեստները, Բուլղարիայի Ռուսե քաղաքի օպերայի և բալետի թատրոնում՝ «Գայանե» բալետը։ 2005 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ձևավորել է Արամ Խաչատրյանի «Հավերժություն» բալետը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տուն»։ 2013 թվականին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ձևավորել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան