Փաստաբանների պալատի խորհուրդը դիմելու է նախագահին, ՄԻՊ-ին և պատգամավորներին
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի նիստ:
Փաստաբանների պալատի հաղորդմամբ, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման փաստը, Պալատի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Նախագիծն իր խնդրահարույց դրույթներով առաջին իսկ օրերից անընդունելի էր փաստաբանական համայնքի համար:
«Այդ առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատը գրավոր դիտողություններ էր ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ ֆինանասների նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Ի դեպ, Նախագիծը խնդրահարույց էին համարել և դիտողություններ ներկայացրել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը (մարդու իրավունքների վրա հնարավոր բացասական ազդեցության և ռիսկերը չգնահատելու մասով), այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարությունը (նոտարական ծառայությունների իրականացման մասով՝ նույն հարկային քաղաքականության որդեգրման տեսանկյունից):
Ավելին, ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել և հանդիպում-քննարկումներ է ունեցել Ազգային ժողովի պետաիրավական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մասնակից պատգամավորների հետ, որի նիստերին մասնակցել է նաև Նախագծի հեղինակ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ուր հանգամանորեն ներկայացվել են Նախագծի վիճահարույց ասպեկտները:
Նախագծի ընդունման դեպքում բացասական հետևանքների մասին ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրաձայնել է տարբեր լրատվականներով, իրականացրել նաև մամուլի ասուլիսներ:
Հիշեցնենք, որ Օրենքի կենսագործման արդյունքում առնվազն.
- Շեշտակի բարձրանալու է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիության մատչելիությունը.
- Հանրային պաշտպանի գրասենյակի տիրույթից դուրս բացառվելու է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.
- Էականորեն նվազելու է քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը.
- Անհամեմատ ավելանալու է Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը ծանրաբեռնելու է առանց այն էլ գերծանրաբեռնված հանրային պաշտպանների աշխատանքը՝ հանգեցնելով մատուցվող ծառայության որակի անկման:
Ի թիվս բազմիցս մատնանշված վիճահարույց դրույթների, անշուշտ, առկա է նաև ՀՀ Աահմանադրությանը համապատասխանության հարց, քանի որ խոսքը առաջին հերթին վերաբերում է յուրաքանչյուրի՝ միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ոտնահարմանը, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խաթարմանը, տարբերվող և խտրական վերաբերմունքի դրսևորմանը, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցների պիտանիության և անհրաժեշտության բացակայությանը:
Այս առումով, Պալատի խորհուրդը հանգամանորեն ներկայացրել է հիմնավորումներ, որոնք ներկայացված են հաղորդագրությանը կից:
Ամփոփելով փաստերը և հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները,
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է․
Դիմել ՀՀ Նախագահին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային Ժողովի պատգամավորներին՝
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար»,- հայտնում են Փաստաբանների պալատից:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հանձնաժողովը հետաձգեց փաստաբանների հարկման չափը բարձրացնող օրինագծի քննարկումը
- Հավանաբար, որոշ հարցերում Փաստաբանների պալատի ակտիվությունն է պատճառը. Կարապետյանցը՝ փաստաբանների ծառայության հարկերի բարձրացման մասին
- Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն