Ադրբեջանի նախագահը չի կարող պահանջներ ձևակերպել, մտքեր է արտահայտում. ՔՊ-ական պատգամավոր
«Պաշտպանության նախարարությունը հերքել է, վերջ, իսկ Ադրբեջանն ագրեսիայի հիմք կարո՞ղ է ստեղծել։ Կարծում եմ՝ ոչ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությունը ագրեսիայի հիմք չի՞ ստեղծում, ինչո՞վ եք վստահ, որ չի կարող կրկնվել, նա պատասխանեց. «Գործընթացներով, ինչը հիմա տեղի է ունենում, խաղաղությանը միտված գործընթացներով։ Հերքումը հիմք է տալիս, որպեսզի ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցները ինչ բնույթի են, որտեղից են եղել։
Մենք էլ պետք է ճշտենք, եթե եղել է։ Համոզված եմ՝ կրակոցներ չեն եղել։
Կրակոցներ կարող են լինել միշտ, նույնիսկ լիակատար խաղաղության պայմաններում, կրակոցներ, որոնք հրահրված չեն։ Զինվորական է, կարող է խմել է, մի հատ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է իրենց կողմից է։ Կրակոցը ձայն է, բայց կրակոցների գործընթացը ... Ոչ մեկը չի ասել, որ նման բան գոյություն ունի։ Ինչ-որ կրակոց, որը հերքվել է, հիմք ընդունել ՊՆ հաղորդագությունը։ Դա շարունակություն չի ունեցել, նշանակում է՝ հակառակ կողմին բավարար է հերքման փաստը»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող պահանջներին՝ ուղղված Հայաստանին, ճեպազրույցին ներկա ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ինչ վերաբերում է ձևակերպմանը, որպես Ադրբեջանի նախագահի կողմից պահանջ Հայաստանի իշխանությունների նկատմամբ, նման բան գոյություն չունի, չի էլ կարող ունենալ, Ադրբեջանի նախագահը չի կարող նման պահանջներ ձևակերպել։ Այն, որ նա իր հարցազրույցում որոշակի մտքեր է արտահայտում, դեռ չի նշանակում, որ հայկական տիրույթում պետք է ձևավորվի որպես պահանջ Հայաստանի իշխանությունների նկատամբ, մի բան էլ ընդդիմության կողմից ներկայացվի որպես հակապետական գործունեություն։ Ոչ, Ադրբեջանի նախագահը իր ոճի մեջ ապակառուցողական հռետորաբանություն է օգտագործել, ինչի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, մենք մեկնաբանություններ ենք տվել»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղակատվությունն է տարածել.ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
- Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
- Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ
- Ալիևի «խաղաղության» հույսերը