Արմավիրում 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Երեկ Ժամը 20:15-ի սահմաններում «Էջմիածին» շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող «Դրախտ» սգո սրահի մոտ, որտեղ ծառի տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 77-ամյա Հենրիկ Ղ.-ն է, ով Էջմիածին քաղաքի Երևանյան 14 հասցեում գտնվող ծառից ծիրան քաղելու ընթացքում վայր է ընկել, գլխով հարվածել բետոնե եզրաքարին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։