Այսպիսի ավերվածություն 1988թ․-ի երկրաշարժից հետո չէինք տեսել․ Փրկարարները դեռ Ալավերդիում են
Փրկարարներն աղտի գոտում կարելի է ասել՝ ամենակարևոր և ամենաանհրաժեշտ մարդիկ են։ Աղետի օրերին նրանց կատարած աշխատանքն անասելի մեծ է և արժանի է ուշադրության։
Ալավերդի համայնքում տեղի ունեցած ջրհեղեղի մասին լուրն իմանալուն պես «Լոռէ» փրկարարական ջոկատն առաջիններից է շտապել աղետի գոտի։ Առաջին երկու օրն աշխատել են հինգ հոգանոց խմբով, հետո նրանց են միացել նաև կամավորներ։ Panorama.am-ը զրույցում պատմեց խմբի ղեկավար Արմեն Առաքելյանը՝ նշելով, որ մինչ այսօր խումբը շարունակում է աշխատանքները տուժած գոտիներում։
«Աղետի մասին տեղեկություն ստացանք մարզային փրկարար վարչության պետի կողմից և հենց առաջին օրերին մեր մասնակցության անհրաժեշտությունը կար։ Սանահին կայանարում, որտեղ կապ չկար, բայց կային տուժածներ, այդ թվում՝ հղի կին, պետք էր արագ կազմակերպել գետանց։ Գետի լայությունը խնդիր էր առաջացրել, բայց մենք ՓԾ-ի հետ մեկ տարի առաջ վարժանք էինք արել և գիտեինք , որ ունենք անօդաչու թռչող սարքերի միջոցով լեռնային գետերի վրա գետանց կապելու հնարավորությունը ։ Մեկնեցինք աղետի գոտի և դռոնների միջոցով արագ գետանց կազմակերպեցինք և անունը դրեցինք՝ «կյանքի կամուրջ»։ Այս կամրջի օգնությամբ տուժածներին տեղափոխվեցինք գետի ձախ ափ, հղի կնոջ տեղափոխման համար օգտագործեցինք պատգարակը։ Մինչև ուշ երեկո աշխատեցինք՝ հակառակ ուղղությամբ էլ ուղարկում էինք սննունդ, ջուր, դեղորայք և այլն։ Հաջորդող օրերին նույն աշխատանքները շարունակեցինք»,- ասաց նա։
Առաքելյանի փոխանցմամբ՝ հնարավոր չէ բառերով նկարագրել աղետի մեծությունը։
«Ճիշտ է՝ նման աղետների դեպքում մարդկային կորուստները քիչ են լինում, բայց նյութական կորուստներն ահռելի են։ Վերականգնողական աշխատանքների համար շատ մեծ քանակի նյութական և ֆինանսական միջոցներ են պահանջվելու։ Սա անասելի աղետ է։ Անեղծ ասեմ՝ այսպիսի ավերաված գոտի 1988թ․-ի երկրաշարժից հետո մենք չէինք տեսել։ Հիմա կան մի շարք վտանգներ՝ համաճարակի բռնկման մասով ։ Պակտերացրեց՝ տիղմը, սակտած կենդանիներին ծածկելու խնդիրը և զուգահեռ եղանակը կտրուկ տաքանում է, այսինքն՝ համաճարակի բռնկման խնդիր կա»,- ասաց մեր զրուցակիցը։
Այս պահին ևս փրկարար ջոկատը շարունակում է աշխատանքները։ Այժմ աշխատում են քարտեզներ կազմելու ուղղությամբ։
«Ճգնաժամային կառավարման ակադեմիայի հետ արդեն իրականացրել ենք աղետի գոտու որոշակի հատվածքերի նկարահանումներ, որպեսզի կարողանանք քարտեզներ պատրաստել։ Վաղը սպասում ենք իսպանացի մասնագետներին և երկուշաբթի օրվանից ակադեմիայի ընկերների հետ մեկնելու ենք աղետի գոտի։ Հիմնականում ուսումնասիրելու ենք փլված կամուրջների տեղանքները՝ դրոնների միջոցով, լինելու է թվային վերլուծություն։ Որքանով տեղյակ ենք շվեյցարացիները ցանկանում են կամուրջներ կառուցնել, իսկ դրա համար շատ կարևոր է ներկայացնել առաջարկ՝ նույն տեղում պետք է լինի կամուրջ,թե այլ՝ առավել անվտանգ վայրում։ Այս առումով սա շատ կարևոր գործ է, որով զբաղում ենք հիմա»,- պատմեց Առաքելյանը։
Միաժամանակ մեր զրուցակիցը կարևորեց աղետի գոտում բնակիչների իրազեկվածության խնդիրը։ Բանն այն է, որ ջրհեղեղը կանխատեսելի վտանգ է համարվում և հնարավոր է նախապես զինվել գիտելիքներով և պատրաստ լինել։
Ըստ նրա՝ բնակչության շրջանում աղետի ժամանակ և հետո՝երկրորդային վտանգների վերաբերյալ ինֆորմացիայի սղություն կա և այժմ նախաձեռնել են կրթական ծրագրեր՝ դպրոցներում, մանկապարտեզներում, կպատրաստեն նաև թռուցիկներ աղետի գոտու բնակիչների համար՝ ինչ անել ջրհեղեղից առաջ, ջրհեղեղի ժամանակ և հետո։
«Սրանք անվտանգության վարքականոններ են, որոնց պետք է տիրապետեն քաղաքացիները։ Հատկապես հիմա, երբ ջրի մակարդակն իջում է և մեծանում է համաճարակի բռնկման վտանգը»։
Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ անել հեղեղումների դեպքում․ ՆԳՆ-ն իրազեկում է
- Ջրհեղեղի հետևանքով համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել
- Ճոճկանից հղին մեծ դժվարություններ հաղթահարելով հասել է Ալավերդի ԲԿ և սպասում է իր առաջնեկին
- Հեղեղված Ալավերդին՝ թռչնի թռիչքի բարձրությունից