Բլոկադայից առաջ Արցախ այցելած միակ բարձրաստիճան պաշտոնատար անձը Հայոց Հայրապետն էր. Վրթանես Սրբազան
«Հայ Առաքեական եկեղեցին պատմական և քաղաքական տեղաշարժերի արդյունքում իր ժողովրդին հավատարիմ ու նվիրված ծառայությամբ՝ դարձել է հայկական ինքնության հենասյուներից»,- «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Վրթանես Սրբազանն ընդգծեց, որ պետության հզորացմանը ծառայելը, ազգին մտահոգող հարցերին հոգածու լինելը երբեք եկեղեցուն չի խանգարել իր հոգևոր ծառայություն իրականացնելիս։
«Այսօր ևս պետականության գոյության պայմաններում նույնն է եկեղեցու որդեգրած մոտեցումն ու դիրքորոշումը՝ եկեղեցին մշտապես կանգնած է ազգայինի, պետականամետի, արդարադատի կողքին։
Մշապես փորձեր են արվել և արվում է եկեղեցու դերը նսեմացնելու, պատմագրության մեջ եկեղեցին սևացրած ներկայացնելու, հատկապես խորհրդային աթեիզմի տարիներին, սակայն այդ փորձերը սին են։
Հետաքրքրական է, որ վերջին շրջանում պետական ու արտաքին հովանավորչությամբ հրապարակ է նետվել նոր պսևդոպատմական թեզ, իբրև եկեղեցին մշտապես պայքարել է հայոց պետականության, անկախության դեմ, որպեսզի հաստատի իր իշխանությունը։ Կարծում ենք, ակներև այս ամենը անհիմն է, մտացածին»,- ասաց Վրթանես Սրբազանը։
Նա նշեց, որ հայ ազգի կյանքում ծանր օրեր են , բռնի հայաթափված է Արցախը, ամուր չեն պետականության հիմքերը, անապահով են Հայաստանի սահմանները, ժողովրդի աչքերում անորոշության, անհուսության մշուշն է երևում։
«Հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելուն են ուղղված եկեղեցու բոլոր ջանքերը։ Այսօր առավել քան երբևէ զգացվում է միավորող կառույցի, համախմբող ուժի կարիքը և այդ ուժը Հայ առաքելական եկեղեցին է»,- ասաց Վրթանես Սրբազանը։
Արցախի թեմի առաջնորդը նաև նշեց. «2023 թվականի Արցախի բլոկադայի ամիսներին եկեղեցին հսկայական ջանքերր գործադրեց մեղմացնելու Արցախի հայորդների ցավն ու դժվարությունները։
Երբ Հայաստանի իշխանություններն անուշադրության և անտարբերության էին մատնել Արցախը, այս օրերին Հայաստանից միակ բարձր պաշտոնատար անձը, որ այցելել Արցախ, Ամենայն Հայոց Հայրապետն է։
Այսօր էլ եկեղեցին մնացել այն եզակի կառույցը, որը չի դադարում կորսված Արցախի վերադարձի ուղղությամբ համակարգային և ինստիտուցիոնալ գործողությունների մշակել և իրականացնել»։