2023-ին «Հայաստան» հիմնադրամն իրականացրել է 12 մլն դոլար արժողությամբ ծրագրեր
Այսօր տեղի է ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հիմնադրամց հայտնում են, որ նիստին մասնակցել են ն հոգաբարձուների խորհրդի 22 անդամներ, որից 3-ը՝ հեռավար, ինչպես նաև տեղական մարմինների 19 անդամներ, որից 6–ը՝ հեռավար:
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արդեն ձևավորած ավանդույթի համաձայն շարունակում է իր անմիջական ակտիվ մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող բոլոր միջոցառումներին՝ ԼՂ–ից բռնի տեղահանվածների, Սիրիայի և Լիբանանի մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնության և օժանդակության իրականացմամբ: Հիմնադրամի գործունեությունը համահունչ է նրա համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերների դիմագրավելուն ու մեր հայրենակիցների համար ապրելու և արարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը:
Հոգաբարձուների խուրհուրդը լսել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023 թվականի գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաշվետվությունը։ Ներկայացվել են Հայաստանում իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, վերականգնվող էներգիայի, մշակույթի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի տասնյակ կենսական և լայնածավալ ծրագրերը:
Հայկակ Արշամյանի խոսքով, «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իրականացնել մեր հայրենիքի համար իր անկյունաքարային դերակատարությունը, այն է՝ զարգացնել սահմանային համայնքները, բարելավել մարդկանց կենսապայմանները, աջակցել կայուն և ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ, ստեղծել հավելյալ արժեք և առաջխաղացման նոր հնարավորություններ իր շահառուների համար:
«2023 թ.–ին Հիմնադրամն իրականացրել է ընդհանուր առմամբ 4,7 մլրդ դրամի կամ 12 մլն դոլար արժողությամբ ավելի քան 60 խոշոր և փոքր ծրագրեր: Հատկանշական է, որ 2023 թ.–ի համապարփակ ֆինանսական արդյունքը դրական է արձանագրվել»,–նշել է Հայկակ Արշամյանը:
Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023 թվականի տարեկան ֆինանսական և գործունեության հաշվետվությունները, 2024 թվականի տարեկան բյուջեն, հոգաբարձուների խորհրդի գործունեությունը, գույքի տնօրինումը, աշխատանքային ներքին կանոնակարգը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը։