Ջավախքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Բանասիրական գիտությունների դոկտոր, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանի կարծիքով, պետական լեզվի իմացությունը դեռ առաջնահերթություն է Ջավախքի տարածաշրջանի համար։ Վերջինս կողմ է, որ դպրոցներում ներդրվի երկլեզու կրթության համակարգը։
Jnews-ի հարցին՝ թե Ջավախքում կրթության ոլորտում ո՞ր խնդիրն է առաջնահերթություն, որի լուծումը կհանգեցնի մնացած այլ խնդիրների նվազմանը, բանասիրական գիտությունների դոկտորը պատասխանել է․
«Պետական լեզվի իմացությունն առաջնահերթություն է դեռ տարածաշրջանի համար։ Դիմորդներին, ովքեր ավարտում են, իմ առաջին հարցն այն է, թե որտեղ են կրթությունը շարունակելու։ Եթե երեխան ասում է՝ կամ Հայաստանում, կամ Ռուսաստանում, սիրտս ցավում է, քանի որ ես հստակ գիտեմ, թե ինչ ճանապարհ է անցնելու։ Մեր երիտասարդների մեծ մասն այդ ճանապարհն է անցնում։ Գնում են արտերկիր և մի քանի տարի սովորելուց հետո վերադառնում են, որպեսզի աշխատանքի ընդունվեն, բայց չգիտեն պետական լեզուն։ Մարդն իր աշխատանքում պրոֆեսիոնալ է, բայց ինքն իրեն չի կարողանում իրացնել, քանի որ պետական լեզվին չի տիրապետում»։
Ժաննա Խաչատուրյանի խոսքով, պետական լեզուն սովորելը դժվար է, սակայն առավել բարդ է այդ լեզվով պրոֆեսիոնալ դառնալը։
«75-80 տարեկան ուսուցչին վրացերեն սովորեցնելն ուղղակի աբսուրդ է։ Մարդիկ չեն կարողանում հիշել, բայց պետք է յուրացնեն B1 մակարդակի վրացերեն։ Իհարկե, պետական լեզուն պետք է լինի առաջնահերթություն, սակայն 80 տարեկան ուսուցչից պահանջել նոր լեզու սովորել, դա աբսուրդ է։ Շատ մեղք են, շատ են տանջվում, դա մեծ սթրես է երկու կողմի համար, և ամեն ինչ վերջանում է այնպես, որ չեն կարողանում քննությունը հանձնել։ Իհարկե, ես կողմ եմ, որ դպրոցներում պետք է լինի երկլեզու կրթություն»,- ասել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան