Սպանություն Երևանի կենտրոնում
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 10-ին, գիշերվա ժամը 1.25-ին, զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խումբ մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ պահվեցին պարեկները: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել են իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին:
Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել է 1-ին համալսարանական հիվանդանոց: Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր էր: Շտապօգնության մեկ այլ խումբ նույն տեղից, դարձյալ` կտրած-ծակած վերքով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Գավառ քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդի: Վեճի երրորդ մասնակիցը չկար:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ու մինչ իրավապահները ձեռնարկում էին դանակահարողին հայտնաբերելու միջոցներ, ժամը 2.50-ին հիվանդանոցից հայտնեցին, որ 19-ամյա երիտասարդը գիտակցության չգալով` մահացել է:
Հանցագործության բացահայտմանը միանում են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Երևան քաղաքի վարչության ծառայողներ: Շուտով պարզվում է նաև միջադեպի երրորդ մասնակցի ինքնությունը` Գորիս քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդ:
Ըստ նախնական տվյալների` երիտասարդների միջև վեճը ծագել էր գինու փառատոնի ժամանակ, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն էր արել բարձրաձայն հայհոյելու համար: Այդ պահին հաջողվել էր զարգացումը կանխել, սակայն երբ ավելի ուշ նրանք կրկին հանդիպել էին Մաշտոցի պողոտայում, վեճը կրկին բորբոքվել ու վերաճել էր առանձնապես ծանր հանցագործության:
Կենտրոնականի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, տեղափոխվել քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: