Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց հունիսի 21-ին ԱԺ–ում Հայաստանի Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ թեմայով խորհրդանական լսումներ հրավիրելու հարցը։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնեց, որ առաջարկը հնչել է ժողովրդավարական ուժերի հարթակի կողմից, ներառում է 4 կուսակցություններ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությաունը, Քրիստոնեա- ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում հանրաքվե կազմակերպել՝ ԵՄ-ին անդամակցության հարցով. «Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը առաջարկում է առաջիկա 3 – 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»:
Քննարկմանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցադրում արեց՝ արդյոք տրամաբանական չէր լինի նման օրակարգով մասնակցել ընտրությունների, ոչ թե հանրաքվե անել։
«Ազատ քաղաքացի» ՀԿ- ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Մենք ունենք լրջագույն աշխարաքաղաքական փոփոխությունների ռիսկ և հնարավորություն աշնանը, և ժամկետի տեսակետից, քանի որ չեմ տեսնում, որ արտահերթ ընտրությունների որևէ հիմք կա, սպասել հերթական ընտրություններին, կնշանակի էապես խոչընդոտել իշխանությունների մանրևի դաշտը, քանի որ իրականում հանրաքվեի արդյունքները լինելու են հիմք իշխանությունների կողմից գործնական քաղաքականության վարելու»։
ՔՊ-ական Սոնա Ղազարյանն ասաց, որ նախաձեռնության ներկայացուցիչները խոսել են ակնկալիքների, սպասումների վերաբերյալ։
«Կխնդրեի, որպեսզի մենք կայանալիք լսումների ժամանակ գնահատենք Եվրամիության անդամակցության կամ թեկնածության հայտ ներկայացնելու մարտահրավերները, անկեղծ խոսակցություն ունենալ։
Եկեք ռեալ գնահատենք, որովհետև ինձ թվում է՝ այս խոսակցությունը տեղի չի ունենում ըստ պատշաճի, թե որն է մեր անմիջական հարևանների հնարավոր դիրքորոշումները։
Խոսում եմ անմիջական հարևանների, մասնավորապես Իրանի մասին։ Ավելորդ է խոսել Իրան-Հայաստան զարգացող հարաբերությունների, մեր տարածաշրջանում կայունության պահպանության գործում իրենց դերակատարության մասին։
Հանրաքվե գնալիս, կարծում եմ, ծայրահեղությունների մեջ ընկել պետք չէ, մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, բոլոր լուծումները Հայաստանում են, կցանկանամ այս խոսակցությունն հենց այդ ծիրում տեղի ունենա»։
Արման Եղոյանն ասաց. «Եթե հանրաքվե լինի ու ներկայացվի որպես բոլոր հարցերի լուծման էլեկսիր, բնականաբար, ընտրական էներգիան կծախսվի այդ հանրաքվեի վրա և այլևս էներգիա չի մնա, բայց եթե հանրաքվեն պատշաճ կերպով ներկայացվի ոչ թե բոլոր հարցերի լուծման ճանապարհ, բոլոր դռների բանալի, այլ որպես մի ճանապարհի սկիզբ, ոչ թե ճանապարհի ավարտ, բնականաբար, այդ դեպքում ընտրական էներգիան մսխելու կամ սպառելու ռիսկերը էականորեն կնվազեն»։
Հանձնաժողովը կողմ քվերակեց և հունիսի 21-ին ժամը 11։00-ին ԱԺ նիստերի դահլիճում կկայանա Հայաստանի Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ թեմայով խորհրդանական լսումներ։