ԱՄՆ-ից Հայաստան տուրիստական հոսքերը կրճատվել են ավելի քան 2 անգամ
Մտահոգիչ են զուտ զբոսաշրջության տվյալները, որոնք ներկայացնում են Հայաստան որպես տուրիստ ժամանածների և մեկնածների տարբերությունը: Տնտեսագետ Աղասի Թավադյանի հրապարակած վերլուծության համաձայն, 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զուտ զբոսաշրջության թիվը կազմել է 55 հազար մարդ, սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում նույն ցուցանիշը կազմել էր 116 հազար մարդ:
Փաստորեն, 2024 թվականի առաջին եռամսյակում զուտ ժամանումների թիվը ավելի քան 2 անգամ պակաս է եղել՝ համեմատած 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Նշենք, որ այս ցուցանիշը 2020 թվականի հետհամաճարակային շրջանից սկսած զգալի աճ էր արձանագրում մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը:
«Նշենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 450 հազար մարդ, որից 50 տոկոսը կամ 225 հազարը եղել են Ռուսաստանի Դաշնությունից: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 436 հազար մարդ, որից 42 տոկոսը կամ 184 հազարը եղել են Ռուսաստանից: Փաստորեն, 2020 թվականից հետո առաջին անգամ առկա է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի կրճատում: 2024 թվականի առաջին եռամսյակում 3.2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը նվազել է 18.7 տոկոսով: Նկատվում է նաև Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների տեսակարար կշռի կրճատում:
Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ, առկա է նաև տուրիստների անկում ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից: ԱՄՆ-ից տուրիստական հոսքերը կրճատվել են ավելի քան 2 անգամ (11 հազար այցելուից մինչև 4.9 հազար), Գերմանիայից և Ֆրանսիայից՝ ավելի քան 30 տոկոսով: 2023 թվականի առաջին եռամսյակում այս պետություններից յուրաքանչյուրից ժամանել էր մոտ 5.4 հազար մարդ, իսկ 2024-ի առաջին եռամսյակում արդեն համապատասխանաբար 3.6 ու 3.5 հազար մարդ»,-նշում է տնտեսագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան