Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանն այսօր չի մասնակցի ԱԺ դիմաց անցկացվելիք հավաքին։
«Ֆիզիկապես չի կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի գլխավորած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խոսնակ Հասմիկ Գաբրիելյանն ու ավելացրեց, որ նա Հայաստանում չէ։
Ո՞ր երկրում է Պետրոսյանը, ի՞նչ նպատակով է մեկնել ու Երևանում չէ հենց այն օրը, երբ պետք է ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրի։ Այս հարցերի պատասխանները կուսակցությունում գաղտնի են պահում։
«Չեմ կարող ասել։ Ինքը հանդես կգա հայտարարությամբ ու այդ մանրամասները կասի, չեմ ուզենա այս պահին կցկտուր տեղեկություններ փոխանցել ձեզ»,-ասաց խոսնակը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի հարևանությամբ բախումներին ընդառաջ տեղեկություն տարածվեց, որ Սուրեն Պետրոսյանին առևանգել են։ Իրավապահ մարմինները հայտնեցին՝ Պետրոսյանը ոչ ոստիկանություն ոչ էլ ԱԱԾ չի տարվել։ Շարժման մյուս համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը «Առավոտին» տված հարցազրույցում ասել է, որ ինքը տեղյակ չէ, որտեղ է եղել Պետրոսյանը, վերջինը պետք է պարզաբանի։
Սուրեն Պետրոսյանը երկու անգամ մեկնաբանությամբ է հանդես եկել տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն դրանցից հարցերն ավելացել են։
Կուսակցության խոսնակից հետաքրքրվեցին, Պետրոսյանը սպառիչ հայտարարությամբ հանդես կգա՞։
«Իհարկե, պատրաստվում է, բայց դա կանի հունիսի 18-ին»,-ասաց Հասմիկ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ինհավաք է նախատեսված Բաղրամյան պողոտայում` ԱԺ դիմաց:
«Կարևոր է, որպեսզի վաղը բոլորս մեր տեղում լինենք։ Սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է։ Միասին մենք հասնելու ենք մեր գլխավոր նպատակին՝ Ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերածննդին»,-հավաքին ընդառաջ նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան
- Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրը դեռ ստույգ հայտնի չէ
- Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով առևանգել են․ Բագրատ սրբազան
- Սուրեն Պետրոսյան. Իշխան Զաքարյանից բացի ևս երկու պատգամավոր չի ստորագրել