Հոկտեմբերի 5-ին տղաս ասաց՝ հողերը տվել է, մենք պետք է կռվենք ու պահենք հողը. Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի մայր
«Ով պետք է պատասխան տա այս ամեն ինչի համար։ Մաքրվեին, գնային, հերիք է հողերը հանձեն։ Երեխաս մինչև վերջ կռվեց, որ հայրենիքը պահի, գրիչի մի հարվածով նվեր տվեցին»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի մայրը՝ Հրանուշ Սուքիասյանը։
Նա պատմեց, որ հոկտեմբերի 5-ին տղան զանգել ու ասել է՝ հողերը տվել է․ «Ասացի, նման չկա։ Ասում է՝ մամ, տվել են, բա մենք ինչի՞ համար ենք այստեղ, պետք է կռվենք, պահենք հողը, նման բան չկա, Արցախն այն տեղն է, որտեղ գալու եմ ապրեմ։
Ոնց էր սիրում Արցախը»։
Արթուր Սուքիասյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի միանգամից երկու ֆակուլտետում՝ հայ բանասիրության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում։ Արթուրը «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» սան էր, կարատեի սև գոտի ուներ, բազմաթիվ հաղթանակներ էր տարել կովկասյան և եվրոպական մրցաշարերում:
Արթուրը ծառայել է Ջաբրայիլում։ Վիրավորել է հոկտեմբերի 10-ին, տեղափոխվել է Ստեփանակերտ, սակայն ամբողջությամբ չապաքինված՝ կրկին գնացել է ռազմի դաշտ։
Արթուր Սուքիասյանը զոհվել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից:
«Նոյեմբերի 2-ին՝ ծննդյան օրը, մեզ նվեր բերեցին։
Մեզ թողեց՝ հանուն հայրենիքի, կորցրինք և հայրենիքը, և իրեն։
Հուսով եմ՝ կվերջանա այս ամեն ինչը, կունենանք մաքուր հայրենիք առանց չհայերի, առանց թուրքական, վաճառված հայերի»,- ասաց տիկին Հրանուշը։
Լրագրողի դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն ասում էր՝ «զոհվել են հանուն ոչնչի»։
«Թող իր երեխաները հանուն ոչինչ գնան, ինքն էլ մեր նման հպարտ ման գա, ոնց մենք ենք հպարտ։
Իրենք մարդ չեն, նեռի ծնունդներն են»,- ասաց Հրանուշ Սուքիասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան