Գարեգին Երկրորդ. Եկեղեցու առաքելությունն արդյունավորվում է նվիրյալ հոգևորականների շնորհիվ
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած յոթ նորաօծ հոգևորականների հետ՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնոհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հայցելով Հայոց Հովվապետի հայրական օրհնությունը՝ Մեսրոպ Սրբազանը ներկայացրել է նորաօծ քահանա հայրերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծել է, որ Եկեղեցու առաքելությունն արդյունավորվում է նվիրյալ հոգևորականների շնորհիվ և պատգամել է նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվեր և անձնազոհ կերպով։
Վեհափառ Հայրապետը նաև հորդորել է նորաօծ հոգևորականներին չընկճվել դժվարությունների և փորձությունների առջև, անմնացորդ նվիրվել իրենց ծառայությանը, կրթել և դաստիարակել հայորդիներին, նրանց մեջ սերմանել հավատքն առ Աստված, սերն առ հայրենին և Սուրբ Եկեղեցին։
Հանդիպման ընթացքում նորընծա քահանա հայրերը ևս իրենց երախտագիտության խոսքն են ուղղել Նորին Սրբությանը` խոստանալով արդարացնել Հայոց Հայրապետի հույսերը և անսակարկ ծառայել Երկնավոր Տիրոջն ու հայ ժողովրդին: