Ծնունդդ շնորհավոր սիրելի Հենրիկ, մենք էլ քեզ արժանի լինենք. Բագրատ Սրբազանը՝ Հենրիկ Հակոբյանի շիրիմի մոտ
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նրա հարազատները Եռաբլուրում էին՝ Հենրիկի շիրիմի մոտ։
Եռաբլուր այցելած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մոտեցավ Հենրիկի հարազատներին։
«Իր գործած, մեր բոլոր տղաների գործած հերոսությունները մեր կյանքի արմատներն են, այլևս ոչ ոք չի կարող գողանալ, արձանագրված է տիեզերքում, Աստվածային իրականության մեջ։
Ես գիտեմ ձեր ցավը, սրտով գիտեմ ձեր ցավը, բայց Հենրիկի, տղաների արյունը միայն ընտանիքին չի պատկանում, ինձ վրա էլ է, բոլորիս վրա էլ է։
Եթե մենք պարզապես այցելենք, հնարավորություն գտնենք ցավակցելու, ուրացող ենք ուղղակի, մեզ համար ուխտ պետք է լինի իրենց շիրիմներին այցելելը։
Որքան էլ հայացքս փախցնելով իրենից, ուզում եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, սիրելի Հենրիկ, մենք էլ քեզ արժանի լինենք»,- Հենրիկի շիրիմի մոտ ասաց Բագրատ Սրբազանը։
Հենրիկ Հակոբյանը ծնվել է 2002 թ. հունիսի 17-ին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, եղել է Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի ավագ։ 2020 թվականի օգոստոսին զորակոչվել է հայոց բանակ, ծառայել է Մարտակերտում որպես ականանետորդ։
Զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ԱԹՍ-ի հարվածից: