Երաժշտության տոնը կնշեն Գորիսում
Հունիսի 21-ին երաժշտությունն ամենուր է և հասանելի բոլորին։ 1982թ․-ից ի վեր, Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տարվա ամենաերկար օրը՝ ամառային արևադարձին, նշվում է Երաժշտության տոնը։ Նպատակն է տոնել երաժշտությունը, դրա բազմազանությունը՝ հանրությանը մատուցելով անվճար, բացօթյա համերգներ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են՝ իր քառասնամյա պատմության ընթացքում տոնը հատեց ազգային սահմաններն ու վերածվեց հիրավի միջազգային տոնախմբության։ 5 մայրցամաք, 120 երկիր․ 1000-ից ավելի քաղաք․ անցկացվում են կենդանի հնչողությամբ համերգներ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական երաժիշտների մասնակցությամբ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն / Ֆրանսիական ինստիտուտը 17-րդ տարին անընդմեջ հրավիրում Է ֆրանսիական մշակութային օրակարգի այս կարևոր միջոցառումը նշելու։ Այս անգամ Գորիսում՝ Գրիգոր Տաթևացու հրապարակում, ժամը 19:00-ից սկսած կենդանի կատարումներով հանդես կգան հայկական նոր բեմի երկու առաջատար խումբ՝ Dialog Music Project-ը և Հող Արթունը։
Dialog Music Project-ի հիմնադիրը շեփորահար Տիգրան Սուչյանն է։ Խմբի երաժշտությունը կտանի երաժշտական մի ճամփորդության, որտեղ ջազը, հիփ-հոփը և քաղաքային ֆոլկլորը հանդիպում են՝ ստեղծելու շարժումներով, ռիթմով և գույներով հարուստ երաժշտություն:
Այնուհետև կընկղմվեք Հողի և Արթուր Ալեքի կողմից ստեղծված նորարար դուետի՝ Հող Արթունի գրավիչ աշխարհում: 2021 թ․-ից նրանք միաձուլում են ավանդական և էլեկտրոնային երաժշտությունը՝ նոր թարմություն և խորություն հաղորդելով հայ երաժշտարվեստին։
Համերգի մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին