Լրագրողների նկատմամբ ուժ կիրառածները պետք է պատասխանատվության ենթարկվեն. IPI
Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) խիստ անհանգստություն է հայտնել հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ոստիկանական ուժերի գործողությունների հետևանքով 10 լրագրողների վիրավորվելու առթիվ։
«Անհապաղ կոչ ենք անում մանրակրկիտ կերպով հետաքննել այս միջադեպերը, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար»,-նշված է ինստիտուտի հաղորդագրության մեջ։
IPI-ն հիշեցնում է՝ հունիսի 12-ին Երևանի խորհրդարանի դիմաց բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին դեմ արտահայտվող և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։ Այդ ժամանակ Փաշինյանը ելույթ էր ունենում խորհրդարանում։
Ըստ տեղեկությունների՝ անվտանգության ուժերը լուսաձայնային նռնակներ են կիրառել, երբ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք և ճեղքել են ոստիկանական պատնեշները՝ քարեր և շշեր նետելով ոստիկանների վրա։ Բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել առնվազն 10 լրագրողներ և օպերատորներ։
Վիրավորների թվում են ABC.am-ի երկու անձնակազմ։ Ինչպես հայտնել է ABC-ի լրագրող Նանե Հայրապետյանը, բախումների ժամանակ վիրավորվել են Նանե Հայրապետյանը և օպերատոր Արման Ղարիբյանը, իսկ լրագրող Աղվան Ասոյանը և օպերատոր Էդիկ Մալաքյանը վիրավորվել են խլացուցիչ նռնակների կիրառման հետևանքով։
News.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանի ոտքը կոտրվել է, ևս երկու օպերատորներ՝ Սիվիլնեթից Նարեկ Հայրյանը և Armlur.am-ից Հովսեփ Հովսեփյանը և Mediahub.am-ի լրագրող Նարե Գևորգյանը նույնպես վնասվածքներ են ստացել։
Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություններ, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով որպես «անհամաչափ ուժի կիրառում» և պատասխանատվություն պահանջելով նրանց համար, ովքեր միտումնավոր թիրախավորել են հավատարմագրված լրագրողներին կամ վնասել սարքավորումները:
«Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից, իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած ուժ կամ բռնություն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի», - ասել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան ՀԿ-ներ. Բացառել «կարմիր բերետներ»-ի ներկայությունը հավաքներին
- Իրավապաշտպան ՀԿ-ներ. Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են անձամբ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի կողմից
- Մեր սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին․ Լրագրողական կազմակերպություններ
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Երբեք նման վերաբերմունք դեպի լրատվամիջոցը, տեսախցիկն ու լրագրողը չի եղել. Բաղրամյան պողոտայում տուժած օպերատոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան