Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում
Բեռլինի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» վավերագրական ֆիլմը՝ 21-րդ «Ոսկե ծիրանի» Երևանյան պրեմիերաների շարքում։ Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» կիոնափառատոնի ֆեյսբուքյան էջից։
Ֆիլմի հեղինակ՝ սենեգալյան արմատներով ֆրանսուհի Մատի Դիոպը, ով 2019-ին արդեն նվաճել էր Կաննի կինոփառատոնի Գրան պրին «Ատլանտիկա» ֆիլմի համար, վավերագրում է 19-րդ դարում ֆրանսիացի գաղութարարների՝ Աֆրիկայից հափշտակված 26 հուշարձանների վերադարձն այժմյան Բենին՝ հենց հուշարձանների աչքերով և խոսքերով, մինչդեռ բենինցի ուսանողները բուռն բանավիճում են Ֆրանսիայի կառավարության այս ժեստի շուրջ՝ գաղութատիրության թողած խորը վերքերի համատեքստում։
Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
- Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները