Ֆերմերները տասնյակ տոննաներով կարտոֆիլ են թափում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Գեղարքունիքի մարզում ֆերմերները գիշերով տոննաներով կարտոֆիլ են թափել դաշտերում։ Այն հիմնականում պարկերով է, ինչը փաստում է, որ կարտոֆիլը իրացման ենթակա է եղել, բայց չի իրացվել։ Հատկանշական է, որ տասնյակ տոննաներով կարտոֆիլը չեն կարողացել որպես սերմացու կամ անասնակեր էլ իրացնել։
Panorama.am-ը խնդրի շուրջ զրուցեց մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի հետ։
Հ. Մնացականյան-Ես դեռ նախորդ տարվա ապրիլից հայտարարում էի, որ կարտոֆիլի գներն իջնելու են, բայց չգիտես ինչու, գյուղացիները չէին ուզում հավատալ դրան և չվաճառեցին իրենց ապրանքը, քանի որ տարի է եղել, երբ 200-250 դրամով են վաճառել։ Ռուսաստանում նախորդ տարի կարտոֆիլի գինը 8 ռուբլի էր, մոտավորապես 32 դրամ, հետևաբար Հայաստանից չէր կարող արտահանվել ՌԴ, քանի որ միայն բեռնափոխադրման արժեքը կազմելու էր նվազագույնը 50-54 դրամ։
Նախորդ տարի արտահանում չեղավ, իսկ դրանից մեկ տարի առաջ Ռուսաստանում կարտոֆիլի դեֆիցիտ էր և հայ ֆերմերները լավ գնով վաճառել էին այնտեղի շուկայում, մոտ 40 հազար տոննայի արտահանում էր տեղի ունեցել, այդ պատճառով էլ ցանքատարածությունները մեծացրել էին։
Panorama.am-Ստացվում է, որ ֆերմերները նախընտրեցին թափել կարտոֆիլը, բայց գները չիջեցնե՞լ։
Հ. Մնացականյան-Իրացնելու դեպքում շատ էժան էր լինելու։ Ռուսաստանից ներկրված կարտոֆիլը նախորդ տարի Հայաստանում կարելի էր վաճառվել 90-100 դրամով։ Բայց քանի որ նախորդ տարիներին կարողացել էին թանկ գնով վաճառել՝ հայ ֆերմերները որոշեցին պահել կարտոֆիլը և այս խնդրի առաջ կանգնեցին։ Չիրացրեցին իրենց կարտոֆիլը և այդ բացը լրացվեց Ռուսաստանից և Իրանից ներկրված էժան կարտոֆիլով, արդյունքում ունեցանք այս վիճակը։
Panorama.am-Եթե կարտոֆիլը թափում են և չեն էլ օգտագործում որպես սերմացու, այն նշանակո՞ւմ է, որ 2024-ին նախորդ տարվա համեմատ ավելի քիչ հողատարածքներ են օգտագործվել կարտոֆիլ մշակելու համար։
Հ. Մնացականյան-Այո, այս տարի ավելի քիչ են ցանել, բայց ՌԴ-ում մեծ ցրտահարություններ են եղել և այս տարի այնտեղ կարտոֆիլի գինը, ըստ նախնական կանխատեսումների բարձր է լինելու։ Կախված թե ինչքան կարտոֆիլի բերք կունենանք՝ Հայաստանում էլ գինն այս տարի կբարձրանա, նախորդ տարվա նման մեծածախ գինը 70-80 դրամ չի լինի։ Խնդիրն այն է, որ վերջնական սպառողն այդպես էլ չզգաց գնիջեցումը, քանի որ սուպերմարկետներում 180-200 դրամ գնից պակաս կարտոֆիլ չի եղել։
Հարակից հրապարակումներ`
- 80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
- ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները