«Ժողովուրդ». Իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ միասնական տոմսային համակարգի, այն է՝ տրանսպորտի թանկացման նախագծի ներդրման ժամկետները երկարաձգվում են: Միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, սակայն երեկ հայտարարվեց՝ համակարգի ներդրումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև նոր ավտոբուսները գան և երթուղի մտնեն։ Ընդ որում, հստակ ժամկետներ էլ չնշվեցին՝ որքան ժամանակով է այն հետաձգվում, միայն փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ նոր ավտոբուսների ներմուծումը ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ ձախողել են, այս անգամ՝ իրենց կողմից մեծ շուքով և աղմուկով անոնսված նախագիծը, որը հանրության շրջանում էլ դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով՝ ՔՊ-ում այս ձախողման պատասխանատու համարում են փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ում համակարգման տակ է եղել այս նախագիծը և ձախողվել: Բանն այն է, որ Սուրեն Գրիգորյանը, բացի ձեռքը գրպանում քաղաքացիների հետ արագ անհասկանալի զրույց ծավալելու գործառույթից, տրանսպորտի հարցով որևէ այլ քայլով աչքի չի ընկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։