Կարկուտը Պրիվոլնոյե գյուղում մեծ վնասներ է պատճառել
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պրիվոլնոյե գյուղի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանը։
Անդրադառնալով կարկուտի գյուղատնտեսական հետևանքներին` Գրիգորյանը նշել է, որ գյուղում մեծ այգիներ չկան։ Մարդիկ տնամերձ այգիներում ունեն պտղատու ծառեր, որոնց բերքը ևս վնասվել է։
«Ցորենի դաշտեր ունենք, մոտ 30 հեկտարը վնասվել է»,– ասաց նա:
Գյուղապետի խոսքով` ձվի մեծության կարկուտը դադարներով, բայց մոտ երկու ժամ տեղացել է:
Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ այժմ գույքագրում են գյուղի կրած վնասները։
«Կարծում եմ` վաղը երեկոյան վնասների հստակ չափը կարող ենք նշել»,–ասել է նա։
Արշակյանը ենթադրում է, որ ցորենի ցանքատարածքների մոտ 50 տոկոսը վնասվել է։