Կյանքից հեռացել է ակադեմիկոս Համլետ Գևորգյանը
97 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի երկարամյա գլխավոր գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը: Մահազդը հրապաարկել է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Համլետ Գևորգյանը մեծ ավանդ ունի հայ փիլիսոփայական մտքի զարգացման և երիտասարդ կադրերի պատրաստման գործում։
Համլետ Գևորգյանը ծնվել է 1927թ․ Երևանում։ 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը։ 1950թ․ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով: 1970թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրապարակումների թեզերը: 1972թ․ նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Համլետ Գևորգյանը 1956թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։ Եղել է ինստիտուտի փիլիսոփայության սեկտորի իմացաբանության թեմատիկ խմբի, ինստիտուտի դիալեկտիկական մատերիալիզմի և բնագիտության փիլիսոփայական հարցերի բաժնի վարիչ, գիտության փիլիսոփայության, ժամանակակից փիլիսոփայության, տեսական փիլիսոփայության գիտահետազոտական խմբի վարիչ: 1965-1980թթ․ համատեղությամբ ԵՊՀ-ում դասավանդել է փիլիսոփայություն, նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն, իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն, տրամաբանություն: 1992-1996թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենը:
Համլետ Գևորգյանի գիտական աշխատությունները հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսոփայական տեսանկյուններին։
Լայն ճանաչում են գտել Հ.ամլետ Գևորգյանի «Իմացաբանության մեջ աբստրակցիայի դերի մասին» (1957) և «Հավանական և հավաստի գիտելիք» (1965) գրքերը։ Դրանց հարում է գիտական հիպոթեզի մասին նրա աշխատությունների շարքը («Հիպոթեզը և նրա դերը գիտության մեջ» ԳԱ հրատ. 1959, «Ժամանակակից մեթոդաբանական վեճերը և գիտական հիպոթեզի պրոբլեմը» 1984, և այլն), որոնցում հիպոթեզի պրոբլեմն աղերսված է գիտելիքի զարգացման ժամանակակից տեսությունների հետ։
Համլետ Գևորգյանը մշակել է տրամաբանական-մեթոդաբանական հետազոտությունների ծրագիր, որի տեսական հիմնավորումը հավանության է արժանացել Երևանում կազմակերպված Համամիութենական (1972) և Անդրկովկասյան (1974) սիմպոզիումներում։ Այն իրագործված է Համլետ Գևորգյանի խմբագրությամբ լույս ընծայված «Գիտական գիտելիքի տրամաբանական վերլուծության փիլիսոփայական հարցերը» կոլեկտիվ աշխատության երեք պրակներում (1969, 1971, 1974), «Փիլիսոփայությունը և գիտության մեթոդաբանական հարցերը» ժողովածուում (1977), որոնց աշխատակցել են տրամաբանության, մեթոդաբանության, իմացաբանության հեղինակավոր ներկայացուցիչներ Մոսկվայից, Կիևից։
Համլետ Գևորգյանը 1994թ․ Վ. Բաղդասարյանի համահեղինակությամբ գրել է «Տրամաբանություն» դասագիրքը ավագ դպրոցի համար։
«Գիտության պատմական մեթոդաբանության ակնարկ» գրքում (1987) նա ի հայտ է բերել պատմամշակութային գործոնների ազդեցությունը գիտական գիտելիքի նաև ներքին իմացաբանական բնութագծերի վրա, վերլուծել է 20-րդ դարի այն հիմնական փիլիսոփայական ուսմունքները, որոնցում վերանայվում են գիտության փիլիսոփայության դասական ըմբռնումները և տարբեր տեսանկյուններից հիմնավորել է պատմամշակութային մոտեցումը։ Այս հարցադրումների հանգուցակետում գտնվում է պատմական վերակազմության մեթոդի պրոբլեմը, որի վերաբերյալ Համլետ Գևորգյանի նախաձեռնությամբ գրվել և նրա խմբագրությամբ հրատարակվել է կոլեկտիվ աշխատություն՝ «Պատմական վերակազմության մեթոդը գիտության պատմության մեջ» (1990)։
«Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» գրքում (1992) և մի ամբողջ շարք այլ հրապարակումներում Համլետ Գևորգյանն արծարծել է հայ փիլիսոփայության պատմության մշակութաբանական տեսանկյունները, ուրույն մեկնաբանություն է տվել մշակույթի տեսության հարցերին և դրանք մասնավորեցրել հայկական մշակույթի և հայոց պատմության նկատմամբ։
Համլետ Գևորգյանի գիտաթեմատիկ խմբի ուժերով և նրա խմբագրությամբ 1994թ․ հրատարակվել է «Փիլիսոփայություն, գիտություն, հումանիստիկա. մշակույթի միասնության իդեալի որոնումները երկու դարերի սահմանագլխին» ժողովածուն, իսկ 1995թ. նա ինստիտուտում կազմակերպել սիմպոզիում՝ նվիրված մշակույթների երկխոսությանը, նախաձեռնել և հրատարակել ժողովածու՝ «Մշակույթների հանդիպումը. դիմաբախումից՝ երկխոսություն» վերնագրով։
Համլետ Գևորգյանը Հայկական հանրագիտարանի համար գրել է շուրջ հարյուր հոդված փիլիսոփայության և տրամաբանության հանգուցային հարցերի, կատեգորիաների, փիլիսոփայական ուղղությունների, փիլիսոփայության և տրամաբանության նշանավոր դեմքերի մասին։ Նա եղել է հանրագիտարանի փիլիսոփայության գիտաճյուղային խորհրդի անդամ և նախագահի տեղակալը։ Եղել է Տերմինաբանական կոմիտեի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ, ՀՀ Լեզվի պետական տեսչության Լեզվի բարձրագույն խորհրդի անդամ։
Նա խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ, այդ թվում՝ նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմության բուհական երկու դասագրքերի թարգմանությունը։ Պատրաստել է գիտության թեկնածուներ և դոկտորներ։
ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը ցավակցում են Համլետ Գևորգյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, աշակերտների հոգիներում, իսկ նրա թողած գիտական ժառանգությունը բարձր կգնահատվի գալիք սերունդների կողմից։