«Վերա»-ն աշխարհին կպատմի Արցախում բլոկադայի 206-րդ օրվա ողբերգական պատմությունը
2023 թվականի հուլիսի 7. Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, շրջափակման 206-րդ օր։ 3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը՝ Վերա Ն.-ն (ապրում էին Արցախի Աղաբեկալանջ գյուղում) քնած երեխաներին տանը մենակ է թողնում, 5 կմ քայլելով գնում մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ 1 լ ձեթ, 1 կգ շաքարավազ ձեռք բերելու։ Երեխաներն արթնանում են, սկսում փնտրել իրենց մայրիկին, ոտքով հասնում են Մարտակերտ, հոգնում են ու որոշում նստել ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան: Նրանք քնում են։ Հաջորդ օրը առավոտյան գտնվում են երեխաների անկենդան մարմինները մեքենայի մեջ նստած. նրանք մահացել էին փակ մեքենայում՝ ջերմային հյուծումից։
Այս իրական ողբերգական պատմությունն է ընկած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Վերա» գեղարվեստական խաղարկային ֆիլմի հիմքում։ Ֆիլմը նախապատրաստական փուլում է, ունի իսպանացի համասցենարիստ, միջազգային համաարտադրողներ, աջակցող միջազգային ֆոնդեր։ Ֆիլմում նկարահանվում են արցախցի դերասաններ։
Panorama.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը պատմեց, որ ֆիլմի ողջ գործողությունները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, բլոկադայի մեկ՝ 206-րդ օրվա պատմությունն է միայնակ մայր 28-ամյա Վերայի ու նրա երեխաների ողբերգական մահվան մասին։
«Այդ պատմության ֆոնին ցույց ենք տալիս կյանքը Մարտակերտում բլոկադայի այդ մեկ օրվա ընթացքում։ Ֆիլմը հումանիտար աղետի, հումանիտար ճգնաժամի մասին է, հումանիտար աղետի դեմ միայնակ մնացած 28-ամյա կնոջ մասին, ով այդ պայմանների պատճառով կորցնում է իր երեխաներին»,- ասաց ռեժիսորը։
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվելու են օգոստոսի կեսերին, քանի որ, Գալստյանի ներկայացմամբ, հենց այդ ողբերգական օրը ահավոր շոգ է եղել Մարտակերտում։
«Ահավոր շոգ, հյուծված մարդիկ, այդ ամենը պետք է զգացվի ֆիլմում»,- ասաց ռեժիսորը։
Ֆիլմը կնկարահանվի Հանքավանում, որը կնմանեցվի Աղաբեկալանջ գյուղին, իսկ Մրգավետում էլ Մարտակերտի հատվածները։ Ֆիլմում դրվագներ կան նաև Երևանից։ Հ. Գալստյանի խոսքով, ցանկացել է ցույց տալ նաև Արցախի համար այդ դժվարին օրերին Երևանում տիրող մթնոլորտը։
«Բոլոր դերասանները, բացի մեկից, Արցախից են։ Երբ նոր էի սկսում դերասանների ընտրությունը, մտածում էի՝ մի քանիսը կլինեն արցախցի, սակայն երբ շփվեցի նրանց հետ, հասկացա, որ այդ դժվարին օրերն արցախցիներից բացի, որոնք հենց իրենց մաշկի վրա են զգացել, որևէ մեկը, ինչքան էլ տաղանդավոր դերասան լինի, չի կարող բնական, էմոցիոնալ ներկայացնել։ Վերայի դերակատարը նույնպես արցախցի է, Արցախի գանձն է»,- ասաց Հ. Գալստյանը։
Նա պատմեց, որ դեռ չի հանդիպել երեխաների մայր Վերայի հետ. «Դեռևս բլոկադայի ժամանակաշրջանում արցախցի լրագրողի միջոցով հարցաշար էի ուղարկել Վերային։ Լրագրողը ձայնագրել է Վերայի անկեղծ պատասխանները, որոնք էլ ընկած են հենց սցենարի հիմքում։
Չեմ հանդիպել Վերայի հետ, բայց ուզում եմ նկարահանումները սկսելուց առաջ անպայման տեսնել, միգուցե ինչ-որ տեսարան նկարահանելու ժամանակ, թեև ծանր կլինի, հրավիրեմ նկարահանումների վայր կամ արդեն նկարահանած տեսարանները ցույց տամ իրեն»։
Թեև ֆիլմը բլոկադայի մեկ օրվա մասին է, բայց վերջում գրությամբ հիշեցնում են բոլորին՝ 120 հազար արցախցիները հյուծված, անվտագության երաշխիքներից զրկված, ուժի պարտադրանքի տակ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել են հայեր։
Նախագծի շնորհանդեսը կայացել է այս տարվա սկզբին Բեռլինի կինոփառատոնում, և ֆիլմի հիմքում ընկած իրական պատմությունը, համամարդկային թեման, Հ. Գալստյանի խոսքով, մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպացի կինոարտադրողների շրջանում։
«Այս ֆիլմը մեծ նշանակություն է ունենալու Արցախում տեղի ունեցածի մասին եվրոպական լսարանին ներկայացնելու, հասցնելու համար։
Մենք գիտակցված ենք անում այս ֆիլմը. երբ դիվանագիտական ատյանները, քաղաքական գործիչներն են խոսում, ներկայացնում տեղի ունեցածը, այլ բան է, իսկ երբ 3-4 երկրի կինեմատոգրաֆիստներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, արտադրում են ֆիլմ, համասցենարիստներից մեկն էլ իսպանացի է, արդեն կողմնակալության մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն միջազգային խումբն աշխատում է ֆիմի վրա՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել Արցախում»,- ասաց ռեժիսորը։
Նա նշեց, որ բավականին ծանր արտադրություն է սպասվում, ֆինանսական միջոցների կարիք ունեն։
«Պատրաստվում եմ դիմել եվրոպական ֆոնդերին, նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Ես այնպիսի փաթեթ կներկայացնեմ՝ արդեն պատրաստի սյուժե, ընտրված դերասաններ, նկարահանումների կեսն արված, որ մասնագիտական առումով անհնար կլինի մերժելը։ Իսկ եթե պետական ֆինանսավորումը մերժեն, նշանակում է՝ քաղաքական որոշում է»,- ասաց Հովհաննես Գալստյանը։
Նախատեսված է ֆիլմի աշխատանքներն ավարտել այս տարվա վերջին և ներկայացնել հաջորդ տարվա սկզբին Բեռլինի կինոփառատոնում, որտեղից էլ սկսվել է ֆիլմի պատմությունը։
Լուսանկարները՝ «VERA ՎԵՐԱ» ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյան. ԼՂ-ում ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով մահացել են ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան
- Մայրը երեխաներին սնունդ բերելու նպատակով էր ոտքով գնացել Մարտակերտ. մանրամասներ 3 և 6 տարեկան երեխաների մահվան դեպքից
- Արցախում երեխաների ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Մարտակերտում հուլիսի 7-ից անհետ կորած երեխաներին մահացած են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան