«Փաստ». Զրոյական վարկանիշ ունեցող իշխանականների ջանքերը հակառակ արդյունքն ունեցան
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանի գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ հանուն իրենց նեղ անձնական և քաղաքական շահերի պատրաստ են զոհաբերել, ավիրել, կործանել ամեն ինչ՝ թքած ունենալով երկրի, պետության ու ժողովրդի վրա: Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման զարգացմանը զուգահեռ, իշխանությունները գործի են դրել բոլոր լծակները, այդ թվում՝ «իրավապահ» գործիքակազմն ու տեղեկատվական տեռորի մեթոդները, և հարձակվել են ոչ միայն քաղաքական ուժերի, գործիչների, այլև այն գործարարների վրա, որոնք թեկուզ մեկ անգամ եղել են Բագրատ Սրբազանի հավաքներին:
Էլ չենք խոսում նրանց մասին, ովքեր առաջին օրերից շարժման հետ են: Օրինակ՝ օրերս GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը կոչ էր արել գալ Բաղրամյան պողոտա և միանալ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հավաքին:
Դրանից հետո իշխանություններն իրենց կցված սատելիտների միջոցով սկսեցին իբր «ֆլեշմոբ» կազմակերպել՝ կոչ անելով չօգտվել GG-ից: Հասկանալի է՝ նպատակն էր հնարավորինս վնասել Հայաստանի ամենակայացած բիզնեսներից մեկը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, ընդամենը մի ավտոտնակից ծավալվել է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ավելին, այն հասցրել է գործունեություն ծավալել նաև Վրաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:
Սրան զուգահեռ՝ փաշինյանական իշխանության «ավանդույթների» բոլոր կանոններով, կազմակերպվեց հերթական «մասկի-շոուն», խուզարկություն իրականացվեց GG-ի գրասենյակում, առգրավվեցին համակարգիչները: Քննչականը, սովորույթի համաձայն, պաթետիկ, սրտաճմլիկ մի տեքստ տարածեց, թե այս ամենը արվում է 2023 թ. նախաձեռնված վարույթի շրջանակներում: GG ընկերությունն իր հերթին տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորաբար նշված էր, որ «ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է»:
Սակայն, ինչպես երևում է, ամբողջությամբ վարկաբեկված և զրոյական վարկանիշ ունեցող իշխանականների ու նրանց՝ ոչ պակաս վարկաբեկված, մինուսային վարկանիշով սատելիտների և «իրավապահների» ջանքերը հակառակ արդյունքն ունեցան: Մի քանի օր է՝ սոցցանցերը հեղեղված են հազարավոր մարդկանց գրառումներով, որ այսուհետ իրենք օգտվելու են հենց GG-ից: Ավելին, շատերը նշում են, որ թեպետ մինչ հիմա չեն օգտվել, բայց արդեն «քաշել» են հավելվածն ու օգտվելու են այս կազմակերպության ծառայություններից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան