«Ժողովուրդ». Կկայանա առաջին դատական նիստը Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հուլիսի 4-ին կկայանա Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության՝ «ընդդեմ Երևանի ավագանու որոշման» գործով դատական առաջին նիստը: Խոսքը ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով որոշման մասին է:
Այսպիսով՝ դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երևանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամներին՝ Նարինե Հայրապետյանին և Սոնա Աղեկյանին զրկել մանդատից:
Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը. մինչդեռ նրանք խմբով էին բոյկոտել նիստերը՝ իբրև դժգոհության արտահայտում:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին հայտնել էր, որ «Մայր Հայստան» խմբակցությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը, իսկ Նարինե Հայրապետյանի մասով թղթաբանական խնդիրներ էին առաջացել, քանի որ վերջինս երկրում չէր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 4-ին կայանալու է այս գործով առաջին նիստը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։