Հակամարտության պայմաններում սեռական բռնության դեմ պայքարի օրն է
Հունիսի 19-ին ողջ աշխարհում նշվում է հակամարտության պայմաններում սեքսուալ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ու ընդգծում.
«Հիվանդանոցները և առողջապահական այլ հաստատությունները պետք է լինեն ապահով ապաստարան և ապաքինման վայր բոլոր նրանց համար, ովքեր տուժել են հակամարտությունից, ներառյալ սեռական բռնությունը վերապրածների համար: Սրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են»։
Նշվում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր հիմա աշխարհում միաժամանակ տեղի են ունենում առավել մեծ թվով հակամարտությունները։ Իրենց տները հարկադրաբար լքել է 117 մլն մարդ։
«Միջազգային իրավունքի անտեսումը, զենքի տարածումը և աճող ռազմականացումը սրում են սեռական բռնության խնդիրը և լուրջ սպառնալիքներ են ներկայացնում խաղաղ բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի անվտանգության համար: Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, ինչպիսիք են , դառնում են ավելի հաճախակի՝ զրկելով բնակչությանը հիմնարար իրավունքներից, այդ թվում նաև առողջության իրավունքից»,-ասված է ՄԱԿ-ի պաշտոնական էջում։
Կազմակերպությունում նշում են, որ հակամարտությունների ժամանակ սեռական բռնությունը երկարաժամկետ վնասակար ազդեցություն է ունենում զոհերի վրա, օգտագործվում է որպես պատերազմի, խոշտանգումների և ահաբեկչության մեթոդ: Այն վնասակար ազդեցություն ունի նաև ֆիզիկական, սեռական, վերարտադրողական և հոգեկան առողջության վրա։
«Նման բռնության ենթարկված կանանց և աղջիկների մեծ մասը չի դիմում բժշկական օգնության՝ խարանման վախի կամ անապահովության զգացման պատճառով: Առողջապահական հաստատությունների ավերումը, բուժաշխատողների սպանությունը և հումանիտար ծառայությունների հասանելիության սահմանափակումը խոչընդոտում են տուժածներին փրկարար ծառայությունների մատուցմանը»,-ասված է ՄԱԿ հաղորդագրության մեջ։