«Wizz Air»-ի թռիչքները հետաձգվել են, Միլան–Երևան չվերթի ուղևորները չեն կարողանում մեկնել
«Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ գտնվում են «Մալպենսա» օդանավակայանում և չեն կարողանում մեկնել։ Թռիչքի հետաձգման պատճառները նրանց չեն հաղորդվում: Ահազանգում է ուղևորներից Գոհար Հակոբյանը։
««Wizz Air»-ը մեզ ձեռք է առնում։ Ամբողջ ժողովուրը բողոքում է։ Մեզ երեք անգամ տարան ինքնաթիռ, հետ բերեցին, նորից տարան»,- տեսանյութում նշում է նա։
Sputnik Արմենիային նա մանրամասներ է ներկայացրել. «Չվերթը պետք է լիներ տեղական ժամանակով 23:35–ին, ուղևորները գրանցվել են, սակայն թռիչքը չի կայացել: Սկզբում հաղորդվում էր անձնակազմի անդամներից մեկի վիճակի կտրուկ վատթարացման մասին, շտապօգնություն է եկել, սակայն չվերթի` հետագա ուշացման պատճառների մասին ընդհանրապես էլ չի հաղորդվել: Ուղևորները ենթադրում են, որ խնդիրը ինքնաթիռի անսարքության մեջ է:
Մենք երկու անգամ գրանցում ենք անցել, մի քանի անգամ նստեցման ենք գնացել, բայց այդպես էլ չենք թռել։ Ուղևորներին, այդ թվում՝ երեխաներին և կանանց, պահել են փակ ավտոբուսում, տեղափոխել են ինքնաթիռի մոտ և թույլ չեն տվել ներս մտնել։ Հիմա, վերջապես, մենք ինքնաթիռի մեջ ենք, սակայն էլի դեռ չենք կարող թռչել»։
Հակոբյանը նշել է, որ ոչ ընկերության ներկայացուցիչները, ոչ էլ Հայաստանի դեսպանատունը չեն արձագանքել իրավիճակին։ Ուղևորներին չեն ապահովել նվազագույն պայմաններով. բոլոր հարցումներին ի պատասխան ընկերության աշխատակիցները կոչ են անում կապ հաստատել «Wizz Air»–ի գլխամասի հետ, որոնց հեռախոսները չեն պատասխանում։
Միևնույն ժամանակ, Երևան–Միլան չվերթի ուղևորները նույնպես չեն կարողացել մեկնել. նրանց նույնպես չեն հայտնում պատճառները։ Ի տարբերություն Երևան թռչող ուղևորների, նրանց տրամադրվել է գիշերակաց և նախաճաշ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան