Նախագիծն այս տեսքով անընդունելի է, անթույլատրելի, անձնական տվյալների պաշտպանության խնդիր կա. Հայրապետյան
«Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը ունեցել է բացասական դիրքորոշում ու մտահոգություն, որ այստեղ կա անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիր»,- «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով քննարկմանն ասաց Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։
Նա նշեց, որ նախագծի փաթեթը խնդիր ունի օրինականության սկզբունքի հետ կապված, որի համաձայն պետք է ունենալ կոնկրետ օրինական նպատակ վարվելու տվյալների հետ։
«Այս նախագծում նպատակները չափազանց ընդհանուր են, վկայակոչված են ոստիկանության ընդհանուր նպաակները հանցագործությունների բացահայտման հետ կապված։
Այն նպատակները, որոնք ներկայացած են, հստակ չեն։ Սա ինքնին տվյալների հետ վարվելու օրինականության սկզբունքին հակասում է, չկա կոնկրետ և օրինական նպատակ։ Նախագիծն այս տեսքով անընդունելի է, անթույլատրելի։ Պետք է լինի նպատակ, հետո հնարավոր լինի ձեռնամուխ լինել տվյալների մշակմանը։
Սա անձնական տվյալների պաշտպանության օրենքի խախտում է»,- ասաց Գ.Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ։
Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առեւտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, մուտքը եւ շինության բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:
Հարակից հրապարակումներ`
- Կունենանք ցանց, որը չենք տիրապետում, չգիտենք՝ մեջն ինչ կա, հասկանալի չէ ՀՀ ՆԳՆ-ից բացի ովքեր դրան հասանելիություն կստանան. Արթուր Պապյան
- Ո՞վ է վերահսկելու վերահսկողներին, որտե՞ղ են երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու քաղաքական դրդապատճառներով. Սամվել Մարտիրոսյան
- «Զիմզիմովի» ախորժակը. Թևանյան
- Այս օրենքի ընդունմամբ, քաղաքացները 24-ժամյա ռեժիմով գտնվելու են ոստիկանության հսկողության տակ. Մանուկյան